Հատուկ ուշադրություն բնապահպանական լրագրությանը
ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ «Էկո-Մեդիա» ցանցը, Բնության համաշխարհային հիմնադրամի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ, կազմակերպել են էկոլրագրության առաջին դասընթացը:
Էկոդասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը: Նա անդրադարձավ էկոլրագրության զարգացման անհրաժեշտությանը եւ նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել լրագրողներին շրջակա միջավայրի խնդիրների լուսաբանման հարցում։
WWF-Հայաստան գրասենյակի համագործակցության եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանն իր հերթին ներկայացրեց Վայրի բնության պահպանման համաշխարհային հիմնադրամի անելիքները։ Նա պատմեց, որ WWF-ի հայաստանյան գրասենյակը նպատակ ունի 2017 թվականին իրականացնել հետևյալ երեք առաջնահերթ ծրագրերը` ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիայի) ծրագիրը, առաջավորասիական ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման գործընթացը, «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը կմեկնարկվի շուտով:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչություն ղեկավար Արմինե Հալաջյանը նույնպես անդրադարձավ «Էկո- Մեդիա» ցանցի գաղափարին եւ նշեց, որ գրասենյակը միշտ պատրաստակամ է ընդունել խմբի հավաքները իր հարկի տակ: «Բնապահպանական լրագրությունը կարեւոր է, եւ մեր հասարակությունը կարիք ունի գրագետ նյութերի»,- ասաց նա:
Ցանցի համակարգող Գալուստ Նանյանը, մինչ դասընթացը սկսելը, հայտարարեց, որ ցանցը այսուհետ կհամակարգի էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը, նրան կփոխանցվի դեռեւս 2015 թվականին ստորագրված Հուշագիրը, որը համարվում է էկոլրագրողների աշխատանքային ուղեցույցը:
«Այսօր այն լրագրողները, ովքեր փորձում են պատրաստել բնապահպանական թեմայով նյութեր, խորապես չեն ուսումնասիրում ոլորտը եւ առկա խնդիրները: Լինում են շատ դեպքեր, որ բնապահպանական թեմայով նյութերը պատրաստվում են թերի: Գրեթե բոլոր նյութերը հարցազրույցների արձանագրություններ են, իսկ շատ դեպքերում այդ արձանագրությունները հեղինակները չեն էլ փորձում մեկանաբանել: Թեև հայրենական էկոլոգիական լրագրությունը նոր է ծնունդ առել, սակայն արդեն հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների եւ խնդիրների, որոնց թվում են պարբերականների անկախ չլինելը, կոնֆլիկտային բնույթի տեղեկատվության առկայությունը, ինչպես նաեւ լրագրողների գիտական ցածր պատրաստվածությունը` էկոլոգիական հարցերի առումով, իսկ ամենագլխավորը` էկոլոգիական հարցերի լուսաբանման կոնկրետ խմբագրական քաղաքականություն չկա»,- ասաց Գալուստ Նանյանը, ապա վարեց առաջին էկոդասընթացը, որը վերաբերում էր բնապահպանական լրագրության խնդիրների լուսաբանմանը:
Դասընթացի վերջում նա նշեց, որ հաջորդը չի ուշանա եւ նվիրված կլինի հետևյալ թեմաներին` «Էկոլոգիական լրագրության հիմնական սահմանումները», «Էկոլոգիական լրագրության խնդիրներն ու գործառույթները եւ էկոլոգիական տեղեկատվության փոխանցման ձևերը», «Էկոլոգիա, տնտեսություն և քաղաքականություն հիմնախնդրի միասնականության հանգույց», «Էկոլոգիական հիմնախնդիրների բարձրացումը խորհրդահայ մամուլում 1955 թվականից մինչև 1990 թվականը»:
Դասընթացի մասնակիցները վերջում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ WWF – Հայաստան գրասենյակի կողմից ստացան օգտակար նյութեր, ինչպես նաեւ վերջերս տպագրված «Կանաչ Հայաստան» գիրքը, նա եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ ամիս կկազմակերպվի «Ընձառյուծի հետքերով» մեդիաարշավը:
«Էկո- Մեդիա» ցանց