Քըրթ կտրելու ենք
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հիշեցրեց, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարներին հանձնարարական էր տվել՝ ամփոփել ֆինանսական արդյունքները:
Վարչապետը նկատեց, որ ֆինանսական արդյունքները տարեցտարի վատանում են և պետք է համապատասխան որոշումներ կայացնել:
«2017 թվականին նայենք, թե ինչ ցուցանիշներ են պլանային դնում իրենց առաջ, ով է ծրագիրը փոխում, ով է ավելի տրամաբանական ծրագիր տալիս։ Նյութերը պետք է, որ ամփոփված լինեին, աշխատանքներն ավարտել ե՞ք»,-հարցրեց վարչապետը:
Աշոտ Մարկոսյանը արձագանքեց, որ հանձնարականի ժամկետն այսօր է ավարտվում, բայց ամփոփել են գործադիր մարմինների եղած առաջարկությունները, դրան ավելացրել են իրենց առաջարկությունները, որտեղ վարչապետի բարձրացրած հարցերի պատասխանները ամբողջությամբ ընդգրկված են:
Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ դեպքում մյուս շաբաթ խորհրդակցություն կանցկացնեն:
«Այն, ինչ-որ անհույս է, տարեցտարի այ սենց գլորվում է, վերացնում ենք: Էլ երկար-բարակ չենք անում, քըրթ կտրելու ենք: Այն, որ տարեցտարի գալիս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք սուբսիդավորում, որևիցե արդյունք չկա, բայց անձնակազմ է պահում և այլն»,-նշեց վարչապետը: