ՊԵԿ-ի վարակը
ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 16 ներկայացուցչի : Տարեսկզբից 99 տնտեսվարողներ «օրինապահ հարկ վճարողի» կոչմանն են հավակնել:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է տարբերակել օրինապահ հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 16 տնտեսվարողի: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Փետրվարի 22-ից մինչև մարտի 14-ը հավաստագրի ստացման համար դիմած ևս 22 հարկ վճարողների դիմումները գտնվում են ուսումնասիրության ընթացքում:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 99 տնտեսվարողներ, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է, 23-ինը՝ մերժվել, իսկ 22 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Արտասահմանյան կազմակերպություններին ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիր Նարեկ Հարությունյանը կարևորում է ՊԵԿ-ի կողմից օրինապահ հարկ վճարողներին առանձնահատուկ ուշադրության ցուցաբերումը. «Միջազգային շուկայում բիզնես գործունեություն ծավալելիս մեծ դեր ունի գործընկերոջ հեղինակությունը: Հետևաբար հավաստագրի առկայությունը դրական կանդրադառնա հայաստանյան ընկերության նկատմամբ վստահության մեծացման և բիզնես հարաբերությունները կայուն հեռանկարի համար կառուցելու գործում»: Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրեն Աննա Պետրոսյանի դիտարկմամբ, գնահատված լինելը մեծ առավելություն է. «Հավաստագրի հանձնումը մեկ անգամ ևս փաստեց, որ օրինապահությունը խրախուսվում է մեր երկրում, և պարտավորեցնում հետագայում ևս օրենքով առաջնորդվել»: Հաշվապահական կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Շահնազարյանի կարծիքով, իրենց ընկերությունը, միջանկյալ օղակ լինելով պետության և բիզնեսի միջև, հավաստագիր ստանալով օրինակ է ծառայում գործընկեր կազմակերպությունների համար. «Նրանք մեծ ոգևորությամբ սպասում են՝ երբ ենք իրենց դիմումները ներկայացնելու կոմիտե, որպեսզի ստանան իրենց օրինավոր գործելաոճը հավաստող փաստաթուղթ: Ակնհայտ է, որ հարկ վճարելը պատվաբեր է, հատկապես, երբ գնահատվում է պետության կողմից»: Լիլիթ Շահնազարյանի համոզմամբ, օրինապահ տնտեսվարողի գործելաոճը վարակիչ է լինելու:
Օրինապահ հարկ վճարողների ցանկը
- «ՆԱՆԻԿՈ»
- «ԽԱՅԱԹ ՔՈՄՓԱՆԻ»
- «ԵՎՐՈՄԵԴ»
- Ա/Ձ ՎՐԵԺ ՂԱԶԱՐՅԱՆ
- «ՍՏԱՆԴԱՐՏՍԵՐՎԻՍ»
- «ԵՎՐՈՏՐԱՆՍ»
- «ԵՎՐՈ ԱՅԹԻ»
- «ՎՐՈ»
- «ՎԵՆԿՈՆ»
- «ԱԼՏ ԴԻԶԱՅՆ»
- Ա/Ձ ՏԻԳՐԱՆ ՄԱԴՈՅԱՆ
- «ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
- «Գ ԸՆԴ ԷԼ ԿԱՊԻՏԱԼ»
- «ԳՏԳՏԻԿ»
- «ՍՈՖԹՀԵՆՋ»
- «ԱՐԻԴԵՍ»ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին