Պուտինն ուղիղ ակնարկներ արեց Սերժ Սարգսյանին. Ժամանակ
Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը ողջույնի խոսքում բավական բազմիմաստ ակնարկներ է արել Հայաստանում ներքաղաքական զարգացումների մասով: Ընդ որում՝ ուղղակի, թե անուղղակի ակնարկներ:
Մասնավորապես, բավական ուշագրավ անուղղակի ակնարկ է թերևս այն, որ Պուտինը խոսելով հայ-ռուսական դիվանագիտական հարաբերության, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերության հաստատման 25-ամյակի մասին, որ լրանում է 2017-ին, մատնանշել է նաև օրը՝ ապրիլի 3:
Իհարկե, սա զուտ պատմության արձանագրում է, սակայն Ռուսաստանի նախագահը կամ նրա աշխատակազմը անշուշտ բավական նրբանկատ կգտնվեին դիտարկելու համար, որ ապրիլի 3-ը փաստացի Հայաստանում լինելու է, այսպես ասած, հետընտրական լուսաբացը, հետևաբար օրվա շեշտադրումը անկասկած ստանում է հատկանշական երանգ: Առավել ևս, որ մեծ քաղաքականության մակարդակում չեն լինում պատահականություններ: Ի վերջո, եթե ՌԴ նախագահը չմատնանշեր օրը, ապա դրանում որևէ մեկը չէր դիտի որևէ տարօրինակ բան:
Թե ինչ ենթատեքստով էր ակնարկում Պուտինը ապրիլի 3-ին Հայաստանի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերության հաստատման տարեդարձի մասին՝ երևի թե դժվար չէ նկատել: Ռուսաստանի Դաշնության նախագահը թերևս ակնարկում էր այն մասին, որ խորհրդարանի ընտրությանը Մոսկվան նայում է զուտ հայ-ռուսական հարաբերության պրիզմայից, և եթե դրանում որևէ վտանգ չկա այդ հարաբերության շարունակության համար, ապա Մոսկվան էլ որևէ խնդիր չունի նախընտրական շրջանում և գործընթացում Սերժ Սարգսյանի քայլերի հետ:
Ըստ ամենայնի, հենց այս համատեքստում է եղել նաև ուղղակի ակնարկը, որ ՌԴ նախագահ Պուտինն արել է Սերժ Սարգսյանին ուղղված ողջույնի խոսքում՝ այս անգամ արդեն ուղղակիորեն անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին: Ռուսաստանի նախագահն արձանագրել է դրանց առանցքային հանգամանքը սահմանադրական փոփոխությունների և կառավարման մոդելի անցման տեսանկյունից՝ հայտարարելով, թե հույս ունի, որ Հայաստանը կապահովի այդ անցումը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Ակնհայտ է Պուտինի նախընտրական աջակցությունը Սերժ Սարգսյանին, որի գինը հավանաբար հենց այն է, որ խորհրդարանական ընտրություններն իրենց քաղաքական արդյունքի առումով անակնկալ չմատուցեն Ռուսաստանին:
Հարցն այստեղ այն է, թե Պուտինն, օրինակ, ինչ ժամանակահատված է դիտարկում Հայաստանում անցումային գործընթացի համար, որի սահուն ընթացքը տեսնում է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դա նախընտրական շրջա՞նն է, մինչև 2018 թվականի ապրիլ դրան հաջորդող տարի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցումային փուլ Մոսկվան պատրաստ է դիտարկել նաև դրանից հետո՝ այդպիսով ակնարկելով, որ դեմ չէ Սերժ Սարգսյանի իշխանական կարիերայի շարունակությանը վարչապետի պաշտոնում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: