Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Բացի այդ՝ Պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները եւ դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:
ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում նշել է. «Ուրախ եմ այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու իր հանձնառությանը»:
Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել եւ ընդլայնել ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: