Ի՞նչ կփոխի ՀՀԿ-ում 911-ի օպերատորը
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 51-րդ համարի թեկնածուն 26 ամյա Գոհար Նավասարդյանն է: Գոհարը հանրությանը հայտնի է, որպես հաշմանդամների հիմնախնդիրները հասարակության համար բարձրաձայնած անձանցից մեկը:
Մասնագիտությամբ հոգեբան Գոհար Նավասարդյանը, որպես 911 ծառայության օպերատոր աշխատում է ԱԻՆ-ում և նշում, որ այս գործում ևս կարևոր դեր է խաղում հիմնական մասնագիտությունը:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորի թեկնածուն նշեց, թե հատկապես ինչ հարցեր է բարձրացնելու խորհրդարանում, եթե, իհարկե, ընտրվի:
«ՀՀԿ-ի միջոցով ես կարող եմ իրականություն դարձնել իմ ծրագրերը, քանի որ կիսում եմ նրանց գաղափարները և հասկացել եմ, որ սա հենց իմ կուսակցությունն է: Կուսակցությանը անդամագրվել եմ վերջերս: Պատգամավոր դառնալու դեպքում կյանքի կկոչեմ ինձ համար շատ կարևոր ծրագրեր: Համար մեկ խնդիրը ինձ համար կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը:
Հաշմանդամություն ունեցող անձինք շատ հաճախ չգիտեն իրենց իրավունքների մասին: Համենայնդեպս, ես չգիտեմ այդպիսի կառույց, որը լիարժեքորեն իրազեկի և պաշտպանի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները»,-նշեց Գոհար Նավասարդյանը:
Պատգամավորության թեկնածուն կարևորում է կնոջ դերը քաղաքականության մեջ: Նա ընդգծում է, որ կան մի շարք հարցեր, որոնց լուծման համար հարկավոր է նաև կին քաղաքական գործչի կարծիքը.
«Սահմանադրության փոփոխությունից հետո շատ կարևոր հարց լուծվեց: Կին քաղաքական գործիչների ներգարավածությունը բազմաթիվ պրոցեսների մեջ ավելացավ: Հնարավորություն տրվեց մասնակցություն ունենալ երկրում կարևորագույն որոշումներ ընդունելու գործում՝ հասարակական-քաղաքական, սոցիալական շատ հարցերի մասնակիցը դառնալով»:
Գոհար Նավասարդյանը նպատակներ շատ ունի, սակայն կան երեք կարևորագույն բացեր, որոնք նա կցանկանա շտկված տեսնել Հայաստանի հանրապետությունում:
«Նախ հասարակության վերաբերմունքը, դա ամենակարևորն է, որովհետև հարկավոր է , որ հասարակությունը համախմբված լինի: Երկրորդ կուզեի մեր հասարակության մեջ գերակշռեր ներգաղթը, քան թե արտագաղթը, որովհետև ցավալի է, որ անգամ հաշմանդամություն ունեցող անձինք են արտագաղթում: Կցանկանայի , որ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրանար ու միասնական լինեինք բազմաթիվ հարցերում»,-ընդգծեց պատգամավորության երիտասարդ թեկնածուն: