Մենք չենք կրակելու իշխանության վրա
«Մեր գործն ուրիշ գործ է, ինձ համար Հայաստանի քաղաքական դաշտում որևէ մեկը թիրախ չէ, բայց քննադատելու եմ, իհարկե, ու քննադատելու եմ շատ չոր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ում են թիրախավորում քարոզարշավի ժամանակ:
Հարցին, թե իշխանությունն էլ թիրախ չի, նա պատասխանեց. «Թիրախ բառը բովանդակային իմաստով չեմ ընդունում, իշխանությունը հակառակորդ է, ում դեմ պայքարելու ենք, բայց թիրախավորել կոնկրետ իշխանությանը… թիրախը նա է, ում վրա կոնկրետ կրակում ես, մենք չենք կրակելու»:
Նա նշեց, որ քաղաքական առումով, իհարկե, իրենց խնդիրն այս երկրում փոփոխություններ բերելն է, իշխանափոխություն անելը, իսկ իշխանափոխության միջոց տեսնում են ընտրական գործընթացները: «Բոլոր նորմալ երկրներում իշխանությունները փոխվում են ընտրությունների միջոցով, և մենք այս իշխանություններին հորդորում ենք, որ անցկացնեն արդար ընտրություններ, և միմիայն արդար ընտրությունների պարագայում է, որ ժողովուրդը հետընտրական պրոցեսների ժամանակ փողոց դուրս չի գալիս, հակառակ բոլոր դեպքերում միշտ էլ ժողովուրդը դուրս է գալիս փողոց»,-եզրափակեց Արամ Սարգսյանը: