Միշտ էլ դուք եք եղել էլի. Հրանտ Բագրատյանը՝ ՀՀԿ-ականին
«ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը խարսխված է «Անտանգություն և առաջընթաց» կարգախոսի վրա»,-այսօր Կորնադ Ադենաուր հիմնադրամի կազմակերպած նախընտրական քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, Ֆինանասների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը: Նա նշեց, որ չնայած սրան՝ իրենց ծրագրի ամենակարևոր կետերից մեկը վերաբերում է տնտեսական զարգացմանը: «Տնտեսական մասն ու առաջընթացը, ամենակարևոր մարտահրավերները ներկայացված են նախընտրական ծրագրում»,-նկատեց նա:
Դավիթ Սարգսյանն ասաց, որ ներդրումային միջավայրի համար պայմանների հետագա բարելավումն ու ներդրումների հետագա ապահովումը, տնտեսավարող սուբյեկտների, ՓՄՁ-ների ոլորտի աջակցությունը խթանների տրամադումը, տնտեսական հավասար մրցակցային պայմանների ապահովումն իրենց նախընտրական ծրագրի բաղկացուցիչ մասն են կազմում:
Հարցին, թե որոնք են եղել Հանրապետական իշխանության տնտեսական 3 ձեռքբերումները, Դ. Սարգսյանը նախ փորձեց ճշտել, թե որ ժամանակահատվածի համար են հարցնում, իսկ քննարկման մեկ այլ մասնակից՝ պատգամավոր ու «Ազատ դեմոկրատներից» առաջադրված թեկնածու Հրանտ Բագրտայանն էլ կատակով նետեց. «Միշտ էլ դուք եք եղել էլի, անիմաստ հարց»:
Ապա Դավիթ Սարգսյանը պատասխանեց, թե եթե խոսում ենք տնտեսական ձեռքբերումների ու հաջողությունների մասին, ապա դրանք շատ են: Որպես օրինակ նա նշեց, որ ՀՀ բոլոր մարզերում վերջին 5 տարիներին առողջապահական ոլորտում կան ամբողջական վերանորոգված հիվանդանոցներ, տեխնիկա, ապա հավելեց, որ այն հաջողությունները, որ եղել են հեռահաղորդակցության ոլորտում, ակնհայտ են: «Թռիչքաձև աճ կա»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է ՀՀԿ-ն տնտեսական աճի ցուցանիշն իր ծրագրում նշեց 6-7 տոկոս, Դ. Սարգսյանն ասաց. «Մենք ռեալիստ ենք, ապրում ենք որոշակի միջավայրում, որն ընդգրկում է ոչ միայն ՀՀ-ը, այլև տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսությունը»: