Սա նշանակում է` դեսպանին փոխելու ժամանակն է

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի ֆեյբուքյան իր էջում գրել է.
“Արդեն 2-3 օր է՝ մամուլում եւ համացանցում քննարկման թիվ մեկ թեման ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ կապված միջադեպն է:
Մինչեւ իրավիճակին եւ դրան ծնող պատճառներին անցնելը՝ պետք է փաստել, որ հասարակությունն իր բարձրացած ձայնով ոչ միայն ստիպեց համապատասխան կառույցներին գործել առավել օպերատիվ, այլ պարզորոշ ցույց տվեց, որ ցանկացած նման իրավիճակում կարող է շատ արագ մոբիլիզացվել եւ իր պահանջն ու դիրքորոշումն արտահայտել:
Չնայած այն հանգամանքին, որ օրվա ընթացքում հատկապես համացանցում տարբեր ուժեր (հիմնականում՝ քաղաքական) ակտիվորեն փորձում էին որպես միջադեպի հիմնական պատճառ ներկայացնել “Հայաստանի թույլ դիրքերը միջագային արենայում”, սակայն պետք է նշել, որ Հայաստանի դիրքն աշխարհում կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցի միայն մի մասն են, ավելին՝ այս պահին օրակարգի առաջնային թեման ՀՀ քաղաքացուն՝ ուշացումով, անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելն է: Իսկ մնացած հարցերին դեռ ժամանակ կլինի անդրադառնալու:
Ինչ վերաբերում է թեման Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում դիտարկելուն, ընդամենը մեկ բան կնշեմ. իսկապես երկու երկրների հարաբերությունները մի շարք հարցերում վերանայման կարիք ունեն, քանզի չնայած այս դեպքի առնչությամբ բարձրացված աղմուկին՝ առաջին դեպքը չէ, որ ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարվում են, իսկ ռուսական քարոզչամեքենան վերոնշյալ միջադեպերը ներկայացնում է լրիվ այլ լույսի ներքո: Մյուս կողմից, նվազ կարեւոր հանգամանք չէ նաեւ այն, որ ՌԴ դատա-իրավական համակակարգն այնպիսի ճահճային վիճակում է, որ այդ պարագայում, դժվար թե, որեւէ մեկը մտածի ռազմավարական դաշնակցի քաղաքացու արժանապատվության մասին: Մանավանդ, որ մինչ այժմ, նմանատիպ միջադեպերի դեպքում, հասարակությունը նման ձեւով չէր արձագանքել:
Մեր դասն այս միջադեպից. Մեզանում, որպես կանոն, համապատասխան կառույցները, հիմնականում, պարզաբանումներ ներկայացնում են միայն որոշակի զարգացումներից հետո, այնինչ, նրանք պարտավոր են ոչ միայն բուն իրադարձության ժամանակ օպերատիվ արձագանքել դրան (ոչ միայն ինֆորմացիոն տիրույթում), այլեւ անընդհատ հասարակությանն իրազեկեն իրադարձությունների ընթացքի մասին: Երկրորդ, վերջին 1-2 օրվա ընթացքում որոշ ուժեր փորձում են հասարակության “հրամցնել” այն տեսակետը, թե այս ամենի պատճառը ոչ թե ռուսներն են, այլ հայրենի իշխանությունները, որոնք “այնքան թույլ են, ոչ լեգիտիմ”, որ ռուսներն ինչ ուզում են անում են: Ստացվում է, որ ռուսները ստիպված են այդպես վարվել, քանզի մեր իշխանություններն այսպիսին են: Նման մոտեցում առաջ քաշողները, կարծես թե, մոռանում են այնպիսի կարեւոր հասկացության մասին, ինչի անունն է իրավունք եւ որ յուրաքանչյուր երկիր, պարտավոր է երաշխավորել ոչ միայն իր, այլ օտարերկրացիների իրավունքները, որոնք սահմանված են ոչ միայն յուրաքանչյուր պետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, այլեւ համապատասխան միջազգային կոնվենցիաներով: Իհարկե, հասարակությունը պետք է անընդհատ իշխանությանը ճնշման տակ պահի՝ պարտադրելով վերջինիս գործելու իր լիազորությունների ու օրենքի շրջանակներում, սակայն դա երբեք չի նշանակում, որ նման միջադեպերի դեպքում պետք է անտեսել այլ երկրների դատապարտելի պահվածքն ու մեղքը բարդել միայն սեփական իշխանության վրա: Ամեն դեպքում նկատելի է, որ որոշ ուժեր, ամեն դեպքում փորձեցին այս միջադեպն օգտագործել սեփական ամբիցիաներին հասնելու համար, սակայն հասարակությունն ինքը դա թույլ չտվեց:
Հ.Գ. Այս պատմության մեջ դեռեւս անհայտ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան կեցվածքը. եթե դեսպանատունն օպերատիվ արձագանքել է, ապա ինչո՞ւ չի իրազեկել հանրությանը, իսկ եթե համապատասխան խորհրդակցությունների եւ քայլերի է անցել միայն բարձրացված աղմուկից հետո, ապա նշանակում է, որ դեսպանին փոխելու ժամանակն է”: