Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր տեսակետը ընթացիկ քաղաքական գործընթացի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել:
Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ:
Շարունակում եմ 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով: Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները: Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին:
Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները:
Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում:
Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը:
Ռոբերտ Քոչարյան
06 մարտի 2017թ.»: