«Բա նրանք ո՞վ են»
«Բոլորն էլ մրցակիցներ են, ոնց կարելի է այդ տերմինը օգտագործել՝ ՀՀԿ-ը մրցակից չունի, բա նրանք ո՞վ են, բոլորն էլ մրցակից են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով տեսակետին, թե ՀՀԿ-ը մրցակից չունի:
Նա ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերին էլ ընդդիմադիր է համարում, որովհետև բոլորն էլ ձգտում են իշխանության: «Ընդդիմությունը հենց ինքն իր մեջ պայմանավորում է այն փիլիսոփայությունն, որ ուզում է գալ իշխանության, եթե դա չկա, ուրեմն, նա ընդդիմություն չէ: Այլապես բոլոր այն կուսակցությունները, դաշինքները, որ մասնակցում են, պայքարում են իշխանության համար»:
Դիտարկմանը, թե գաղափարական առումով ՀԱԿ-ը, «Ծառուկյան» դաշինքը շատ չեն տարբերվում ՀՀԿ-ից, նա ասաց. «Եթե գաղափարական առումով ենք վերցնում, ազնիվ պիտի լինենք՝ միայն ՀՀԿ-ն է, որն ունի ուրույն գաղափարախոսություն, Կոմունիստներն ու ՀՅԴ-ն, իսկ մնացածի մոտ գաղափարախոսություն, որպես այդպիսին, ես չեմ տեսնում»:
Արդյո՞ք սա նշանակում է, որ մյուս ուժերը մանդատի համար են մասնակցում ընտրություններին, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, նրանք դեռ չեն հասցրել ձևավորել այդ գաղափարախոսությունը, որ մենք ընդունենք: Բայց այս 3 կուսակցություններն ունեն կոնկրետ գաղափարախոսություն, ուզում ես՝ ընդունի, չես ուզում՝ մի ընդունի»:
Ինչ վերաբերում է դաշինքներին, ապա Համլետ Հարությունյանն ընդգծեց, որ հասարակությունը հենց դժգոհում է, որ նոր ձևավորված դաշինքները չունեն գաղափարական հենք: