«Ադրբեջանը զենքի ներկրման ծավալները մեծացրել է»
Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
Բանախոսը շեշտեց՝ ամբողջությամբ չի կարելի հենվել նրանց տրամադրած տվյալների վրա: Նա բազմաթիվ բացեր է նկատել այդ զեկույցում:
«Ադրբեջանը հայտարարում էր, որ բանակցություններ են տարվում, որպեսզի գնեն «Երկաթե գմբեթ» զինատեսակը, իսկ զեկույցում նշված էր, որ գնված է: Նման կառույցները հիմնականում օգտվում են մամուլի հրապարակումներից: Եթե տարածաշրջանն իրենց համար կարևոր չէ, նրանք կարող են հայտարարությունը որպես փաստ ընդունել»,- ասաց փորձագետը:
Զեկույցի տվյալներով՝ 2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 75% ավելի շատ զենք ու զինամթերք: Տարոն Հովհաննիսյանը չժխտեց, որ Ադրբեջանն օրեցօր համալրում է իր սպառազինությունը: Նա կոչ է անում քննադատորեն մոտենալ զեկույցի տվյալներին և ամեն ինչ ի գիտություն չընդունել:
«Ադրբեջանը զենքի ներկրման ծավալները մեծացրել է: Ռազմական գնումներին հատկացրած գումարները մի քանի անգամ ավելացրել են: Ադրբեջանը գնում է հարձակողական զինտեխնիկա, իսկ Հայաստանը պաշտապանողական: Հարձակողականը շատ ավելի թանկ է արժենում, քան պաշտպանողականը»,- ասաց նշեց բանախոսը: