Երեք ամենակոռումպացվածները
”Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր ներկայացրեց կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013թ–ի արդյունքները: Նա նշեց, որ Հայաստանում իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ հասարակության միայն 19%–ն է գտնում է, որ նվազել է կոռուպցիան, 43%-ը գտնում է, որ այն աճել է, իսկ 83%-ն էլ համոզված է, որ կոռուպցիան երկրում լուրջ խնդիր է։
Առավել կոռումպացված ընկալվում են երեք հաստատություններ: Պատվավոր եռյակում են պետական պաշտոնյաները և հանրային ծառայողները, դատական համակարգը և առողջապահական համակարգը: Սրանց փոքր-ինչ զիջում է ոստիկանությունը, առավել քիչ կոռումպացված են համարվում ՀԿ–ները և կրոնական կազմակերպությունները։ Հայաստանի դեպքում դատական համակարգն ընկալվում է որպես կոռումպացված 69%-ի մոտ, իսկ ոստիկանությունը՝ 66%-ի։
Հարցումները ցույց են տվել նաև, որ միայն 9%–ի կարծիքով անձնական կապերը նշանակություն չունեն գործնական հարաբերություններում: ”Այս թվերը բացառիկ թվեր չեն և այլ երկրներում շատ ավելի մեծ են ”,-նկատեց Հոկտանյանը` հավելելով, որ Հայաստանի դեպքում կա մեկ այլ մտահոգիչ փաստ. 37%–ն է կարծում, որ շարքային քաղաքացին կարող է դեր ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ 2–րդ մտահոգիչ փաստն այն է, միայն 46%–ն է ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին։
Մտահոգիչ է նաև, որ միայն 33%–ն է ցանկություն հայտնել կոռուպցիայի դեպքերի մասին պետական մարմիններին։ Այդ թիվը նույնպես բավականին ցածր է, և Հայաստանը նորից վերջին տեղերում է։ Հարցվածների 18%–ը նշել է, որ կաշառք տվել է։ Առավել քիչ կաշառք տվել են կոմունալ ծառայությունների համար, իսկ մեծամասնությունը ասում է, որ կաշառք տվել է մաղարիչի տեսքով` որպես շնորհակալություն։
”Կոռուպցիայի տեսանկյունից լճացման իրավիճակ է, սա նշանակում է, որ երկիրը առաջընթաց չի ապրում։ Մտահոգիչ է նաև հասարակության վերաբերմունքը”,-ավարտեց Հոկտանյանը: