Ներկայացվեցին “Հայկական համայնապատկեր”-ի ֆիլմերը
Մոտ երեք ժամից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա “Ոսկե ծիրան” 10-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Դրան կնախորդի Ազնավուրի անվան հրապարակում Շառլ Ազնավուրի աստղի տեղադրումը: Իսկ մինչ այդ մամուլի ասուլիսում ներկայացվեցին “Հայկական համայնապատկեր” անվանակարգերում առաջադրված ֆիլմերը:
“Հայկական համայնապատկեր” անվանակարգում ներկայացված Ջիվան Ավետիսյանի “Ընդհատված մանկություն” ֆիլմի պատմությունը իրական է: Այն մի դրվագ է Արցախյան ազատամարտից:
“1992-ին ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա հայ աղջնակին պահում է իր մոտ` իր կորած որդու փոխարեն: Չորս ամիս անց կինն աղջկան վերադարձնում է ընտանիք` փոխանակելով ադրբեջանցու մի անհայտ զինվորի դիակի հետ: Այս պատմության մեջ գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն, որ աղջիկը, վերջիվերջո, վերադառնում է տուն”,-ասաց հեղինակը: Ջիվան Ավետիսյանը կարեւորեց հատկապես այն, որ ադրբեջանցի կինը մտածել է, որ մայր է փրկել` փրկելով փոքրիկ աղջնակին:
Ֆիլմի հերոսուհին այժմ 27 տարեկան է, ապրում է ՌԴ-ում: Ըստ ռեժիսորի, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է իրեն պատմել այս պատմությունը:
Հարություն Շատյանի “Մարաթոն” ֆիլմը պատմություն է մի երիտասարդի մասին, որը դուրս է եկել ինքն իր դեմ, աշխարհի դեմ եւ պայքարում է մահվան դեմ: 18 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանված է մեկ կադրով:
“ Ֆիլմի պատմությունն իրական չէ, բայց շատ մոտ է իրականությանը: Մենք սիրում ենք բարդություններ, ինչի համար էլ որոշեցինք մեկ կադրով նկարահանել այն”,-ասաց ռեժիսորը:
“Հայկական համայնապատկեր” անվանակարգում է նաեւ Արա Երնջակյանի “Խավարում” ֆիլմը: Այն 1915թ. Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին է, իսկ գործողությունները ծավալվում են Կարմիր խաչի ճամբարներում, որտեղ որբ մնացած երեխաներին էին խնամում եւ կերակրում:
Ֆիլմում չկան դաժան, արյունարբու տեսարաններ եւ հեղինակների խոսքով, Ցեղասպանության մասին պետք է շատ գրագետ եւ նուրբ խոսել, մյուս դեպքում` հակառակ ազդեցությունը կունենա, քանի որ պատերազմն առաջին հերթին անդրադառնում է հենց երեխաների վրա:
Էմիլ Մկրտչյանի “Իդան այստեղ է” ֆիլմի հերոսուհին` Իդան, մեռնում մտովի, եւ միշտ ստիպված լինում պայքարել լույսի եւ խավարի արանքում: Այն նկարահանվել է Շվեդիայում:
“Աշխարհում կա մթություն եւ լույս, եւ ֆիլմը ներկայացնում է մի աղջկա ընկալումը խավարի եւ լույսի մասին: Դերասանուհին Շվեդիայից է, եւ մինչ այս նա նկարահանվել է շվեդական մի շարք ֆիլմերում”,-լրագորղների հետ հանդիպմանն ասաց Էմիլ Մկրտչյանը:
Գուրգեն Ջանիբեկյանի “Պեպիտտո” վավերագրական ֆիլմը Երեւանի Հյուսիսային պողոտայում նվագող Գեւորգ Աղաջանյանի մասին է /
“Ես շատ նրբորեն եմ մոտեցել նրա կերպարին, սակայն չեմ մտել նրա կենցաղի մեջ, փորձել եմ նրա մտքերը, աշխարհայացքը ներկայացնել: Ինքն այնքան ազատ մարդ է, բայց շատ փակ մարդ է, դժվարությամբ է շփվում մարդկանց հետ: Նա գտել է իր կյանքի ռիթմը, նա իր հնչյունն ունի”,-ասում է ռեժիսորը: