Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նշում է ծննդյան օրը
Հունվարի 25-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ծննդյան օրն է։ 2006 թվականի այդ օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի տեղի ունեցավ նվագախմբի առաջին համերգը՝ ճապոնացի ջութակահար Յուկա Ցուբոյի մասնակցությամբ։
Նվագախմբի հիմնադիրը դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, ով միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների։ Երիտասարդների աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակում կոլեկտիվն արժանացել է երաժշտասեր հասարակության ջերմ ընդունելության և միջազգային ճանաչման։ 2008թ-ին արդեն բարձր վարպետության համար ՀՀ կառավարության որոշմամբ կոլեկտիվին շնորհվել է պետական կարգավիճակ:
Երիտասարդականը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Երաժիշտները ներկայացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի, Իտալիայի, Լիբանանի և շատ այլ երկրների հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն: Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, բազմիցս հանդես է եկել որպես հեղինակավոր միջազգային միջոցառումների պաշտոնական նվագախումբ՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթ (2007թ-ից մինչ օրս), Musica Riva փառատոն (2013թ., Ռիվա դել Գարդա/ Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների 9-րդ մրցույթ (2014թ., Ֆոշան/Չինաստան), Al Bustan փառատոն (2014թ., 2015թ., 2016թ., Բեյրութ/Լիբանան) և այլն:
Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական կապեր ունի բեմի աշխարհահռչակ վարպետներ Վալերի Գերգիևի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վլադիմիր Սպիվակովի, Մաքսիմ Վենգերովի, Դենիս Մացուևի, Վադիմ Ռեպինի, Վահագն Պապյանի, Բորիս Բերեզովսկու և այլ նշանավոր արվեստագետների հետ: Նվագախումբն անընդմեջ հանդես է գալիս նոր ծրագրերի նախաձեռնություններով, այդ թվում՝ բարեգործական:
2010թ-ից Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, իսկ 2013թ-ից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի է կոչվում Խաչատրյանի միջազգային ամենամյա փառատոնը:
Երիտասարդական նվագախումբն անդամակցում է երաժշտական աշխարհում մեծ հեղինակություն վայելող մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Ազգային երիտասարդական նվագախմբերի եվրոպական ֆեդերացիային (EFNYO, 2009թ.) և Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիային (International Artist Managers’ Association- IAMA, 2013թ.): Նվագախմբի լայն երկացանկն ընդգրկում է դասականից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2011թ-ին Sony ձայնագրման ստուդիայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ թողարկել է անդրանիկ Music is the answer ձայնասկավառակը, որում ընդգրկվել են Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։
Նվագախումբը ներկայացնում հետաքրքիր համերգաշարեր, այդ թվում՝ «Ճանապարհորդություն դեպի…», «Նոն-Ստոպ», «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիպում է կոմպոզիտորներին», «Երիտասարդները՝ երիտասարդների համար», «Վարպետը կերտում է վարպետներ», «Երիտասարդականը այցելում է ՀՀ մարզեր» և այլն:
Երիտասարդական նվագախումբը տարեկան ունենում է մոտ 60 համերգ և ծրագրային ոչ մի կրկնություն։ Նվագախումբը մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով՝ հայաստանյան հանդիսատեսին ներկայացնելով հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, համերգներ է ունենում մարզերում, աշխատանքներ տանում մարզերի երաժշտական դպրոցների սաների հետ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում ստեղծվել և ակտիվ գործունեություն են ծավալում մի շարք անսամբլներ՝ «Օտրի Տրիո», փայտափողային կվինտետը, Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը, Աբգար Մուրադյանի անվան դուետը, Սարյանի անվան լարային քառյակը և այլն։
Այս ամենին զուգահեռ նվագախմբի նվաճումներից է Հայաստանում պատանիների և երիտասարդների շրջանում դասական երաժշտության տարածումը։ Նվագախմբի մի շարք նախագծերի շնորհիվ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսել հաճախել դասական երաժշտության համերգներին։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 2015թ. ստեղծվեց և ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ելույթ ունեցավ «24/04» համաշխարհային նվագախումբը, իսկ 2016-ի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին, ՀՀ-ից և Արցախից շուրջ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտների համախմբող «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախումբը։