27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարության ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, միջազգային կազմակերպություններում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր երկրի ակտիվ ներգրավվածության արդյունքում իրականացված աշխատանքներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիվանագիտության ջանքերին:
***
Նախագահի շնորհավորական խոսքը
ԱԳՆ-ում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության ժամանակ

Հարգելի՛ պարոն նախարար,

Հայաստանում հավատարմագրված հարգարժա՛ն դեսպաններ,

Հարգելի՛ դիվանագետներ,

Անցնող տարին մեզ համար խորհրդանշական էր: Հայաստանը տոնեց իր անկախության 25-ամյակը: Քսանհինգ տարի առաջ, ինչպես մեր ողջ նորանկախ երկիրը, այնպես էլ մեր դիվանագիտությունն առաջին քայլերն էր անում։

Այսօր Հայաստանն աշխարհին ներկայանում է ուրույն արտաքին քաղաքականությամբ` կառուցողական, հավասարակշռված, սկզբունքային և վստահելի դիվանագիտությամբ։

Ով ծանոթ է դիվանագիտության մեր ձեռագրին՝ գիտի, որ Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» սկզբունքով: Հայաստանը ձգտում է իր ներդրումն ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման, փոխշահավետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ու մշակույթների միջև երկխոսության կամուրջներ հաստատելու գործում։ Դրա վկայությունն են Հայաստանի ակտիվ ընդգրկվածությունը ինտեգրացիոն գործընթացներում, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ակտիվ ներդրումը միջազգային կազմակերպությունների օրակարգում։ Այս առումով, ցանկանում եմ առանձնահատուկ նշել խոշորագույն միջազգային կազմակերպություններից մեկի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալելու պատիվը: Հայաստանն այդ պատվին արժանացավ մեր նախաձեռնողական, ակտիվ դիվանագիտության արդյունքում: Դա մեր նկատմամբ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանն անդամակցող բազմաթիվ երկրների վստահության և համերաշխության դրսևորում էր։

Հայաստանի դիրքորոշումներն ու տեսակետը ընկալելի և ըմբռնելի են միջազգային հանրության կողմից՝ շնորհիվ մեր հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, շնորհիվ ձեր՝ ներկաների սկզբունքային արտաքին քաղաքականության:

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները հենց դրա մասին են վկայում: Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները: Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ:

Անշուշտ, սա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում:

Այստեղ տեղին է նշել, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ: Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք, և սա շատ հասկանալի ու ընկալելի է, բայց երբ նրանք փորձում են մտնել մանրամասների մեջ, ապա միանգամից սայթաքում են և սկսում են խոսել ցանկությունների մասին: Դիվանագիտությունը ցանկություն չէ՛: Բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն: Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել: Ինչու՞ մենք, իմանալով բոլոր մանրամասները, որովհետև մենք ենք բանակցողները, մեր հանրությանը մանրամասների մասին տեղյակ չենք պահում: Առնվազն երկու պատճառով. դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Եվ եթե հիմա մենք ամեն անգամ բանակցություններից վերադառնալուց հետո մեր ժողովրդին ասենք՝ այս նախադասությունը, այս միտքը այսպես է ձևակերպված, ապա երկու շաբաթ հետո, երբ ինչ-որ բան փոփոխվի, նորից պիտի սկսենք բացատրել, թե ինչու՞ է փոխվել և այլն: Բայց դա էական չէ: Էականը հետևյալն է. մենք 2007 թվականից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու:

Մեր դիվանագիտությունը միջազգային հանրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները: Հայաստանի ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին շարունակում է աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանը խաղաղության ջատագովն է։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան թանկ է խաղաղությունը: Եվ պատահական չէ, որ այսօր մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներն են հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի չկիրառումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է երկրի կառավարման արդյունավետությամբ:

Վստահ եմ, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու համար: Ուրախ եմ, որ անցնող տարում մենք ականատեսը եղանք քաղաքական հասունության օրինակի, երբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կարողացան միակարծություն, ավելի ստույգ՝ կոնսենսուս ձևավորել ընտրական գործընթացների օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ:

Այս առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային դոնորների ցուցաբերած ֆինանսական և խորհրդատվական աջակցության համար: Հայաստանի իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ` հույս ունենալով, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները: Այդ գործընթացում մենք սերտորեն համագործակցելու ենք միջազգային հանրության հետ՝ ակնկալելով վերջինիս կառուցողական, պատասխանատու, անկողմնակալ ներգրավվածությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով սրտանց շնորհավորում եմ արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին՝ ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում, մեր դիվանագետներին, ովքեր լավագույնս ներկայացնում են Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում:

Այս պահին պետք է հատուկ առանձնացնեմ այն դիվանագետներին, ովքեր մեր ազգային շահերը խիզախորեն պաշտպանում են Դամասկոսում, Հալեպում և Բաղդադում: Այնտեղ ծառայող մեր գործընկերները մեկ անգամ ևս ապացուցում են, որ հայ դիվանագետի ծառայությունը կարող է ընթանալ ոչ միայն բարձրաշխարհիկ ընդունելությունների, այլև սովորական պատերազմի պայմաններում:

Ամանորի բարեմաղթանքներ եմ նաև հղում Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին, որոնցից շատերն այսօր ներկա են այս դահլիճում։ Վստահ եմ, որ նրանք ցանկանում են, որպեսզի մեր տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն և որ ցանկանում են գործ ունենալ պատասխանատու և վստահելի գործընկերների հետ:

Հարգելի՛ դեսպաններ,

Խնդրում եմ իմ ամենաջերմ ցանկությունները փոխանցել ձեր երկրների ղեկավարներին և ժողովուրդներին։ Մաղթում եմ, որ գալիք տարում առանձնահատուկ արգասաբեր լինեն մեր համատեղ ջանքերը՝ ուղղված խաղաղությանը, մեր համագործակցության առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Ես կարծում եմ, որ դուք նաև անցյալ տարի նվեր եք ստացել՝ այս հարմարավետ շենքը, որտեղ մենք ձեզ հետ միասին առաջին անգամ պետք է դիմավորենք Նոր տարին: Հուսով եմ, որ այս պայմանները ևս ձեզ կօժանդակեն, որպեսզի բարձր պահեք հայկական դիվանագիտության վարկը: Սա չափազանց կարևոր է:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ գալիք 2017 թվականին ջերմություն ձեր ընտանիքներում և հաշտություն, առաջին հերթին՝ հաշտություն ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմանն է: Շնորհավոր Նոր տարի:

Շնորհակալ եմ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ