«Պուտինը շտապեց»
«Պուտինի երեկվա հայտարարությունը փոքր-ինչ առաջ ընկած հայտարարություն էր, կարծում եմ, քանի որ ամեն դեպքում այս ակտը դասական առումով տեռորիզմ չէր, սա միջազգային տեռորիզմ էր` ուղղված միջազգային հանրությանը նաև: Իհարկե, թիրախ ընտրվել է Ռուսաստանի Դաշնությունը, որպես պետություն, բայց իրականում սա մի փոքր ժամանակ էր պահանջում, որպեսզի խորքային վերլուծություններ կատարվեին, ու հասկացվեր, որ սա ահաբակչություն էր, ու այն իրականացրել է Թուրքիայի ուժային կառույցի ներկայացուցիչը` ոստիկանը»,-Henaran.am-ի հետ զրույցում Թուրքիայիում տեղի ունեցած վերջին իրադարձություններին նման գնահատական տվեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:
Ըստ վերջինիս` այս փաստը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չպիտի հայտարարվեր, որովհետև ամեն դեպքում շարքային մի ծայրահեղական չէր իրականացրել այդ տեռակտը:
Դիտարկմանը, թե Թուրքիայից հայտարարում են, որ պաշտոնաթող ոստիկան է եղել հանցագործը, քաղաքագետն արձագանքեց. «Խիստ կասկածում եմ: Կարող էին իշխանությունները հետին թվով հրամանը տալ, որպեսզի փորձեն իրենց այդ վատ իրավիճակից դուրս հանել` որպես պետության, իշխանության ներկայացուցիչներ, բայց ինձ համար ու շատերի համար կասկածելի է այդ հարցը, թե ինչպես է «պաշտոնաթող» ոստիկանը հայտնվում այնտեղ ատրճանակով, երկար ժամանակ կանգնում բեմական մասում` թիկունքում, և իրականացնում այդ ոճրագործությունը»:
Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձը ներխուժել էր Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը և կրակ բացել այդ պահին ելույթ ունեցող դեսպանի վրա։
Կարլովը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, ևս երեք հոգի վիրավորվել է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը։ Նա դեսպանի սպանությունը սադրանք է անվանել։
Մեր հարցին, թե ինչպես սա կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, Ա. Ղազարյանը պատասխանեց, որ պատմական էքսկուրս անցկացնելով` հիշելի է դառնում Գրիբոյեդովի դեպքը, ով որպես դիվանագետ սպանվեց: «Թուրքիան խնդիր ունի, ու ինչքան էլ փորձեն արդարանալ, անպատասխան հարցեր են մնում, և դրանք գնալով ավելի ջուր կհավաքեն, ձնագնդի էֆեկտը կունենան այդ անպատասխան հարցերը:
Սակայն Պուտինի հայտարարությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ անելու են, որպեսզի սա բացասաբար չազդի ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունների վրա»,-եզրափակեց նա: