Հայաստանը կարևոր ռազմական գործընկեր է Հունաստանի համար
Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին:
Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած Հունաստանում առկա ֆինանսական խնդիրներին, այս տարվա ընթացքում աճել են: Համագործակցության զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան նաև այս տարվա ընթացքում նախատեսվող բարձրաստիճան այցելությունները` Հունաստանի պաշտպանության նախարարի և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը Հայաստան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Ի. Տաղիսը հավաստիացրեց, որ հունական կողմի համար Հայաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է հանդիսանում և իր լիազորությունների սահմաններում աջակցելու է հայ-հունական պաշտպանական համագործակցության խորացմանը և ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: