Նրա հիմնական նպատակը բանակաշինարարությունն էր. 20 տարի արդեն Մոնթեն մեզ հետ չէ
Այսօր լրանում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարին:
Նրա մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Արցախում` հատկապես Մարտունու շրջանում, այդ ժամանակ վատ էին ընդունում ոչ տեղացի հրամանատարներին, սակայն Մոնթեն հայրենիքին իր անմնացորդ նվրուման շնորհիվ ստացավ ժողովրդի վստահությունը:
«Մոնթեին ճանաչում եմ 1991թ.-ից: Եկավ Վազգեն Սարգսյանը և ասաց, որ նա է լինելու հրամանատարը` հորդորելով թև ու թիկունք լինել իրեն»:
Ազատամարտիկը հայտնեց, որ Մոնթեն բնավորությամբ ծանր մարդ էր, ընդհանրապես ոգելից խմիչք չէր օգտագործում, սակայն շատ էր սիրում հավկիթ:
«Բոլորս մեկ էինք, նույն կերպ էինք մտածում: Պատերազմում գեղեեցիկ բան գտնելն այնքան էլ հեշտ չէ, բայց լավ կողմը այն էր, որ մեկ դրոշի տակ էինք կռվում»:
Ա. Ղարիբյանը հիշեց, որ Մոնթեի կինը` Սեդան, եկել էր իրենց մոտ, ինքը ծաղիկներ է տվել Մոնթեին կնոջը նվիրելու համար.«Մոնթեն ասաց` դրա ժամանակը չի, բայց հետո ասաց, որ ամաչում է»:
Մարտական ընկերներից Տիգրան Խանումյանն էլ հիշեց, որ Մոնթեն քիչ էր շփվում մարդկանց հետ.«Անընդհատ մտածմունքների մեջ էր: Հետո ենք հասկացել դրա պատճառը. նրա հիմնական նպատակը բանակաշինությունն էր»:
Նա հայտնեց, որ Մոնթե Մելքոնյանի «Ավո» կեղծանունը որոշվել է ուղղաթիռի մեջ.«Որոշում էինք, թե ում որ անունը սազական կլինի, մեր ընկերներից Մարտիրոսի անուն Գրիշա դրեցինք, Մոնթեին էլ Ավո կոչեցինք»: