«Ամուսինս մեռնում է բերդում». Սարի թաղի գործով կալանավորվածի կինը ահազանգում է
« Ամուսինս շատ ծանր վիճակում է, սկսած հոգեբանական վիճակից մինչև արդեն առողջականը, որը շատ վատ է: Կոպիտ ասած մեռնում է բերդում: Նա ահազանգում է, ասում է, որ չի դիմանում, բայց լսող չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
Նրա խոսքով՝ ամուսինը խնդիրներ ունի ողնաշարի հետ, որը կալանավայրի պայմանների պատճառով ավելի է վատթարացել:
«Ես ու երեխաս էլ ահավոր վիճակում ենք, անգամ վառարան չունենք: Էլ ճար չկա ու չգիտեմ ինչ անեմ: Երեխայիս վերցնեմ ում դռանը նստեմ»,- ասաց Լալա Բերնեցյանը:
Հիշեցնենք, որ ըտ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: