Պերմյակովը հրաժարվել է
Այսօր՝ նոյեմբերի 18-ին վերաքննիչ դատարանում հրավիրված դատական նիստի ժամանակ Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուրադ Աղաջանյանը հայտարարել է, որ Պերմյակովը հրաժարվում է վերաքննիչ բողոքից:
Փաստաբանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին ինքն այցելել է Պերմյակովին, որը հաստատել է, որ համաձայն է դատարանի որոշման հետ և հետ է կանչում բողոքը:
«Պերմյակովը հայտնեց, որ չի ուզում մասնակցել դատական նիստին՝ անկախ դրա ընթանալու վայրից։ Խոստովանել է մեղքը եւ ասել, որ հանցագործությունը կատարել է միայնակ»,– նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։ Նախորդ դատական նիստում ներկայացվեց Պերմյակովի հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվում է բողոքից եւ չի ուզում մասնակցել դատական նիստին։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության: