Ի՞նչու դատավորները պատասխանատվության չեն ենթարկվում /վիդեո/
Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ դատական ատյաններում տիրող իրավիճակին: Ալեքսանդր Ամարյանի խոսքով, դատավորները սխալ որոշումների պատճառով պատասխանատվության չեն ենթարկվում: Ավելի ճիշտ, նրանց է նկատողություն արվում, որոնք աշխատում են օրենքին համապատասխան եւ “կամակատար” չեն դառնում:
Ըստ նրա, ՛՛Եհովայի վկաները՛՛ հաղթեցին միջազգային դատարանում, որովհետեւ Եվրոդատարանը հիմք է ընդունել քրեադատավարական նորմերի խախտումը. այսինքն`մեղքը իրավապահ մարմիններինն ու դատական համակարգինն է, որի արդյունքում այսօր կառավարությունը 114 հազար եվրո տուգանք պետք է վճարի ՛՛Եհովայի վկաներին՛՛: Սրան գումարվում է նաեւ դատական ծախսը, որը եւս մոտ 10 հազար եվրոյի սահմանում է: Իսկ տվյալ դատավորները պատասխան չեն տալիս, քանի որ Եվրոդատարանը մինչեւ լսում է գործերը` երկար ժամանակ է անցնում, նույնիսկ տարիներ:
“Իսկ Հայաստանում դատավորը պատախանատվության է ենթարկվում իր կատարած սխալի համար մեկ տարվա ընթացքում: Եթե նշված ժանկետը անցնում է, իրավունք չունեն տույժի ենթարկելու”,-ասաց Ամարյանը:
Ի դեպ, փաստաբաններն էլ են համագործակցում դատավորների հետ: “Դատավորներն ունեն իրենց իրավաբանական գրասենյակներն ու իրենց ձեռքի փաստաբաններին, դրանք “չոռնի օդվակատներն” են ու քաղաքացին, երբ խնդիր է ունենում, ուղղորդում են նրա մոտ”,-ասաց Ամարյանը:
Ի դեպ, կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահը ասաց, որ Հայաստանում կոռուպցիոն մեխանիզմները տեղի են ունենում հեռախոսի միջոցով` մեկ զանգ վերեւից եւ հարցը լուծվում է: Արդյունքում, նրա խոսքով “ռամիկ, հասարակ” մարդն է տուժում:
Ալեքսանդր Ամարյանը այս անգամ չհրապարակեց դատավորների անունները: “Մի ուրիշ անգամ, թող սա ընդունեն որպես ահազանգ”,-ասաց:
Մանրամասները՝ տեսանյութում: