Շարմազանովը` Բաղդասարյանի հայտարարության մասին
«Բնականաբար, Մամիկոն Ասլանյանն այլևս Վանաձորի քաղաքապետ է, և նա ստացել է 19 ձայն 33-ից, և անհասկանալի եմ համարում «Լուսավոր Հայաստանի» նախկին թեկնածուի գնահատականները սրա վերաբերյալ: Բոյկոտի հետ կապված կարող եմ ասել, որ բոյկոտը երբեք չի արդարացրել իրեն, իմ խորին համոզմամբ` վանաձորցին ձայն չի տվել այս կամ այն կուսակցությանը, որ ընտրություններից հետո բոյկոտեն, չմասնակցեն նիստերին, այլ բյուջե կազմեն, քաղաքի խնդիրներ լուծեն, ոչ թե ասեն` եթե իմ թեկնածուն չի անցնում, ես չեմ գնում նիստին:
Եվ այս իմաստով «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարի առաջարկը կամ գոնե նրա հրապարակած գաղափարը առողջ ու կառուցողական է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի երեկ արած հայտարարությունը:
Նկատենք, որ Ա. Բաղդասարյանը հարց էր հնչեցրել. «Ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»:
Է. Շարմազանովն ընդգծեց, որ ի տարբերություն բոյկոտի ուղին ընտրած քաղաքական ուժերի` սա խելամիտ ճանապարհ է, որով Վանաձորի ավագանին կարող է դուրս գալ փակուղուց: «Մենք էլ մշտապես եղել ենք համերաշխության կողմնակից: Ես չեմ կարող ասել` ինչպիսի զարգացումներ կլինեն, համաձայնության կգան, թե ոչ, բայց այն, որ ընդդիմությունն ընտրությունից առաջ մի կողմ է դնում պոպուլիզմը` շատ լավ հասկանալով, որ այդ առաջարկի համար մյուս ընդդիմադիրները կարող են իրեն քննադատել և առանցքում դնում է վանաձորցու շահը, ասում է` ես պատասխանատու ուժ եմ, պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը, ինչո՞ւ չէ նաև «Հանրապետականի» հետ լուծել հասարակական խնդիրները, սա կառուցողական է, և իմ անձնական տեսակետից` դրական»:
Ըստ ԱԺ փոխնախագահի` բոյկոտը մերժելի է, մերժելի` ոչ միայն իր, իշխանության, այլև բոլոր վանաձորցիների կողմից, որովհետև վերջիններս օր առաջ սպասում են իրենց խնդիրների լուծմանը: «Առանց գործի չգնալու, տարբեր շանտաժներով, տարբեր կապրիզներով խնդիրները չեն լուծվելու: Իմ տպավորությամբ` Արթուր Բաղդասարյանի առաջարկը տրամաբանական է, առողջ, կառուցական` ի տարբերություն այն առաջարկի, որ «Լուսավոր Հայաստանի» ավագանիների գլխավորությամբ այսօր ստեղծվել է Վանաձորում»,-ասաց նա:
ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ Ա. Բաղդասարյանի առաջարկը բխում է վանաձորցու, լոռեցիների շահից: «Մենք համագործակցության ու համերաշխության կողմնակից ենք, և ոչ թե բոյկոտի»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի մեկ այլ գաղափարին, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության և առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա չեն կազմի, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնան ետընտրական դաշինքների, ապա ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀԿ-ը կողմ կլինի այդ համագործակցությանը:
«Գործնականում 2017 թվականի ընտրություններից հետո կոալիցիայում կամ կառավարությունում ինչպիսի ուժեր կընդգրկվեն, կախված է ապրիլյան ընտրություններում բոլոր ուժերի, այդ թվում նաև մեր հավաքած ձայների չափից: Իսկ հարցին` մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել այլ կուսակցությունների հետո, ապա հիշում եք` հանրապետության Նախագահը նախկինում էլ խոսել է ազգային համաձայնության կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին: Եվս մեկ անգամ կարող եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համերաշխության, համագործակցության, լայն կոնսոլիդացիայի կողմնակից է, և եթե այս կամ այն ուժը, այդ թվում ձեր նշած ուժը, կարողանան Հայաստանի տեսլականի շուրջ ունենալ ընդհանուր պատկերացումներ ու ծրագիր, ապա, բնականաբար, մենք արհեստականորեն այդ ուժերի դեմ դռներ չենք փակի»,-ասաց Է. Շարմազանովը:
Նա հավելեց` իշխող կուսակցությունը վստահ է, որ առճակատման ժամանակներն անցել են, և Հայաստանում քաղաքական գործընթացները պիտի լինեն բացառապես համագործակցության ճանապարհով. «Իսկ ինչ վերաբերում է Ա. Բաղդասարյանի հայտարարության այդ մասին, ապա պիտի նշեմ, որ բավականին համարձակ հայտարարություն էր, որովհետև մենք սովոր ենք, որ ընտրություններին ընդառաջ քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները հայհոյում են իշխանություններին, բացառում են իշխանության հետ կոալիցիա կազմակերպելը, այս առումով այս քայլը խոսում է մի բանի մասին, որ մենք գործ ունենք տրամաբանական, հավասարակշվառած քաղաքականության հետ, որի հիմքում ոչ թե ընկած է պոպուլիզմը, այլ պետական ու հանրության շահի գերակայությունը»,-եզրափակեց Է. Շարմազանովը: