Ֆինանսների նախարարության պարզաբանումը
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարց է հնչել ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, թե ինչ եք պատրաստվում անել Ձեր ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվում եք այն վաճառել:
Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է. «քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետեւաբար այն չենք կարող վաճառել, սակայն ՊՈԱԿ –ը վերաիմաստավորել, այդ թվում նաեւ լուծարել՝ քննարկվում է» :
Հետագայում, լրատվամիջոցները ասվածը վերագրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնին, որը ներկայումս չի գտնվում ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության ներքո: Դիլիջանի հիշյալ կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ –ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության N 329-Ն որոշմամբ վերադարձվել է ՊԵԿ –ին :
Հետեւաբար ակնհայտ է, որ Ֆինանսնսերի նախարար Վարդան Արամյանը, խոսելով ուսումնական կենտրոնի մասին, չէր կարող խոսել այլ գերատեսչությանը պատկանող ուսումնական կենտրոնից և բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ի վերաբերյալ:
Պարզաբանման կարիք ունի նաեւ զրույցի ԾԻԳ-երին վերաբերող հատվածը, որտեղ ևս թյուրըմռնում է տեղի ունեցել: Որոշ լրատվամիջոցներ ծրագրեր իրականացնող թվով 13 գործակալությունները բոլորը վերագրել են ՀՀ Ֆինանսների նախարարությանը, մինչդեռ դրանք գործում են ՀՀ կառավարության ներքո, ինչպես և նշել է նախարար Արամյանը: