«Հանրապետականները փրկության կարիք չունեն». Շարմազանովը՝ Լ. Զուրաբյանին
«Չի կարելի է ժխտել, որ նոր վարչապետը լավ բաներ արել է, օրինակ՝ ազատել է մարզպետների, կառավարության ներկայացուցիչների, որոնք տարիներ շարունակ քննադատվել են», – ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինս շեշտեց՝ վարչապետը, սակայն, չի ներկայացրել երկարատև ծրագիր, որովհետև պաշտոնավարելու է մինչև խորհրդարանական ընտրությունները՝ այդպիսով օգնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ այս կերպ նվազեցնել հանրային դժգոհությունը:
«Եթե սա ծրագիր է, ուրեմն ծրագիր է ընտրողների առաջ որևէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին։ Եվ պետք չէ համոզել, որ սա ընդամենը 6 ամսվա ծրագիր է: Ցանկացած կառավարություն պետք է ներկայացնի երկարատև ծրագիր: Ձեր առաքելությունն է փրկել իշխող կուսակցության դեմքը ընտրություններից առաջ»,-հայտարարեց նա։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ չհամաձայնելով այն մտքի հետ, որ Կարեն Կարապետյանը միայն կարճաժամկետ ծրագիր է ներկայացրել:
«Կամ Դուք չեք կարդացել ծրագիրը կամ Ձեզ սուտ են պատմել, որովհետև ծրագիրը երկու փուլից է: Կա կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության փուլ»,- նշեց նա:
Շարմազանովը հավաստիացրեց. «Հանրապետականները փրկության կարիք չունեն, այստեղ փրկիչներ չկան: Մենք բոլորս օրնիբուն պետք է աշխատենք: Եթե ինչ-որ մեկն էլ փրկության կարիք ունի, ապա հաստատ իշխանության մեջ չէ»: