Լավ լուր Ազգային ժողովից
Իշխանության ու ընդդիմության միջև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ համաձայնության գալուց հետո Ազգային ժողովը սկսեց նախագիծը քննարկել երկրորդ ընթերցմամբ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ 5 խմբակցությունները եկել են համաձայնության բոլոր կետերի վերաբերյալ: Փոփոխություններն այսօր կկատարվեն, իսկ վաղը՝ նախքան քվեարկությունը նախարարը խոստացավ պատգամավորներին ուղարկել ամբողջական նախագիծը, որպեսզի ևս մեկ անգամ ծանոթանան, ապա քվեարկեն:
ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովն էլ ողջունեց ու շնորհակալություն հայտնեց «բոլոր այն քաղաքական գործիչներին ու ուժերին, ում ջանքերի ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ այս ամբիոնից ստացանք բարի լուրը, կա կոմպրոմիս»: Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, թե նոր իրավիճակ է ստեղծվել, Է. Շարմազանավը հակադարձեց. « Հակառակը նույն գետը մեր պառլամենտում մենք կարողացանք երկրորդ անգամ մտնել, հինգ քաղաքական ուժեր համաձայնության եկան՝ կոմպրոմիս եղավ, փոխզիջում: Կա կոմպրոմիս: Գլխավորում կա համաձայնություն, վաղը էլի կլինի համաձայնություն»:
Հիշեցնենք, որ կարևորագույն փոփոխությունները վերաբերում են ընտրացուցակների հրապարակմանը, ընտրատեղամասերում տեսանկարահանումը:
Ստեփան Մարգարյանին, սակայն այս արդյունքը չի գոհացնում, ու հայտարարեց, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե եթե անձը ներկայացնում է դիմում, ապա ինչպես է պարզ դառնալու նրա դիմումը հիմնավոր է, թե ոչ, հետևաբար՝ ինչպես է որոշվելու նրան ենթարկել քրեական պատասխանատվության կամ չենթարկել:
Դավիթ Հարությունյանն էլ պարզաբանեց, որ այս հարցը քննարկվել է, լուծումը շատ պարզ է, ապացույցներից պարզ կլինի՝ անփութությունը հանցավոր է, թե դիտավորյալ: