27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ԵԽ-ի Թուրքիայի մասին զեկույցում

Եվրոպայի խորհուրդի (ԵԽ) ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի  վերաբերյալ զեկույցը:

Ըստ զեկույցի՝ չնայած վերջին տարիներին Թուրքիայում  փոքրամասնությունների իրավունքների և փախստականների հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ սիրիացի փախստականների, քրդերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները շարունակվում են:

Ըստ «Ակօս» շաբաթաթերթի կայքի՝ հանձնաժողովը մտահոգիչ է համարել թուրք պաշտոնյաննների կողմից ատելության պարունակող բառապաշարի կիրառումը: Որպես ասվածի օրինակ զեկույցում մեջբերվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի և երգիչ Յըլդըզ Թիլբեի արտահայտությունները հեռուստատեսությամբ և սոցցանցերում: Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը նույնպես ներառվել է զեկույցում, որպես ատելություն պարունակող արտահայտություն:

Ըստ զեկույցի՝ ատելություն պարունակող արտահայտությունների կիրառումը գագաթնակետին է հասել 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, ինչը  մեծացրել է  հասարակության մեջ առկա  բևեռացումը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում  կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:

2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների,  հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել:

Եվրոխորհրդարանի հանձնաժողովը զեկույցի մեջ ընդգրկել է նաև հայ զինծառայող Սեվակ Բալըքչըի,  Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչյուքի, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունները, եկեղեցիների վրա կատարված հարձակման դեպքերը:

Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի կազմում ընդգրկված են անկախ փորձագետներ, որոնք ԵԽ անդամ երկրներում ռասիզմի, այլատյացությունը և անհանդուրժողականության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են պատրաստում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ