Էս գործը 5 000 ա, 2,5 էլ տվեցին, 10 էլ Հայկական ժամանակ
Ըստ թերթի, երեկ, ԲՀԿ հանրահավաքից դեռ մեկ ժամ առաջ դեպի հրապարակ տանող փողոցներում մեծ աժիոտաժ էր: Ահաբեկված ԲՀԿ-ն ավտոբուսներով տեղափոխում էր իր հանդիսատեսին: Տարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ներ սկսեցին տեղեկություններ հրապարակել, թե Աբովյան քաղաքի մանկապարտեզների եւ դպրոցների աշխատողներ, պարզապես աբովյանցիներ`տեղափոխվում են Երեւան` Ազատության հրապարակ:
Թերթի թղթակից Գագիկ Աղբալյանը նույնպես ներկա է եղել այդ աժիոտաժին: Ավելին, նա ականատես է եղել, թե ինչպես են օպերային հարակից տարածքում երիտասարդներին հագցնում ԲՀԿ-ի սպիտակ շապիկները, գլխարկները:
“Մեր թղթակցի մոտ կա ձայնագրություն, որտեղ ապացուցվում է, որ դրա դիմաց հազարական դրամ է բաժանվել: … Բայց սա ամբողջը չէ: Իշխանությունների կողմից ահաբեկումների ենթարկվող այս ընդդիմադիր ուժի հանրահավաքին մարդ բերելու համար ծառայել են նաեւ հենց իրենց`ահաբեկողների տրանսպորտային միջոցները: … Հանրահավաքից հետո Ազատության հրապարակը նման է եղել ֆուտբոլային ստադիոնի տրիբունային`խաղից հետո:
Հրապարակը աղբադաշտի էր վերածվել: … Իսկ ահա օրվա վերջում ահազանգ ստացանք, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց` Կոնյակի գործարանի հարեւանությամբ, երիտասարդներ են հավաքված:
Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին եւ 10 հազար դրամանոցներ տալիս խմբի լիդերներին, որ նրանք կիսեն իրար մեջ:
Թերթի թղթակցի եւ փող ստացող տղաների միջեւ տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը.
– Տղերք, ասում են, որ էսօրվա համար փող են բաժանում:
– Ախպերս, խմբի ղեկավար ունեինք, մտավ էդ հարցերը լուծեց:
– Չեն ասո՞ւմ, ինչքան կտան:
– Քիչ կտան:
– Բայց մարդա ինչքա՞ն են տալիս:
– Վափշե, հինգ են տալի, էս գործը հինգ ա: Տենց չերեզներով ում հասնում ա, ինքը բան ա անում, էլի: Մեզ մարդա 2-2,5 հազար են տալի խառը: Չերեզներով ա հասել”,-գրել է թերթը: