15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջընթաց եւ զարգացում

Սեպտեմբերի 13-ին եռօրյա նիստերով աշխատանքներն է սկսում այս գումարման ԱԺ նախավերջին նստաշրջանը: Նստաշրջանի ու քաղաքական կյանքի իրադարձությունների մասին Իրատես դե Ֆակտոյի կայքին իր տեսակետներն է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ձեր գնահատականով՝ նոր նստաշրջանը քաղաքական տարեսկիզբ կարելի՞ է համարել:
-Հինգերորդ գումարման ԱԺ-ի վերջին ամբողջական նստաշրջանի օրակարգը իսկապես գերհագեցած է պետականության ու երկրի զարգացման համար կարևորագույն ու անհրաժեշտ օրինագծերով: Նստաշրջանը աշնանային է, ուստի պիտի կատարի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված խնդիրները` քննարկի և հաստատի մի շարք ծրագրային փաստաթղթեր՝ գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, մի շարք անկախ հանձնաժողովների գործունեության ծրագրերը: Դա պարտադիր մինիմումն է:

Բացի դրանից՝ նստաշրջանի գերխնդիրն է ընդունել Սահմանադրությամբ նախատեսված կարևորագույն օրենքներ, որոնց փոփոխությունները գերակայություն են և անհրաժեշտ նախադրյալներ պիտի ստեղծեն քաղաքական համակարգի Սահմանադրությամբ նախատեսված փոփոխությունները իրականացնելու համար: Այդ գործընթացը սկսվեց 2016-ի սկզբից, երբ մենք ձեռնամուխ եղանք Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դրան պիտի հաջորդեն մի շարք օրենքներ, այդ թվում Աժ կանոնակարգ oրենքը, որի համար ստեղծված աշխատանքային խումբը արդեն բավականին աշխատանքներ կատարել է և խորհրդարանին ներկայացրել նախագիծ, որը պիտի քննարկվի ու ընդունվի: Շրջանառության մեջ է «Կուսակցությունների մասին» օրենքը, առաջին ընթերցմամբ ընդունված «Հարկային օրենսգիրքը», որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել բովանդակային քննարկումները:

Ընտրական օրենսգրքի շուրջ ամառվա ընթացքում կատարվող աշխատանքային գործընթացները հուշում են, որ այս նստաշրջանում մենք այդ թեմային նորից կանդրադառնանք: Բնականաբար, կլինեն ընթացիկ օրենսդրական աշխատանքներ, որոնք, փորձը ցույց է տվել, նախընտրական շրջանում առավել ակտիվանում են և ունեն պոպուլիստական բնույթ: Մի խոսքով, օրենսդրական աշխատանքի իմաստով այս նստաշրջանը շատ հագեցած է լինելու:
Ընտրական օրենսգիրքը քննարկելը դեժավյու չի՞ դառնում:
-Դուք գնահատեք ոչ թե կրկնությունը, այլ՝ իշխանության և ընդդիմության միջև ձեռքբերված համաձայնությունը Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ: Գնահատեք իշխանության պատրաստակամությունը, քաղաքական կամքը՝ գնալու անգամ իր համար սկզբունքորեն անընդունելի քայլերի հանուն իրականում արդար ընտրությունների, հանուն հանրային վստահության մթնոլորտի: Ի՞նչ ասել է դեժավյու, եթե գարնանային նստաշրջանում կատարված քննարկումների ժամանակ հստակ ասվել էր, որ ընտրողների մատնահետքերի դրոշմման կետը կգործի անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների առկայությամբ, որի համար ֆինանսներ ու ժամանակ է պետք: Ընտրողների ցուցակների հրապարակումը այն կետն էր, որ մեր ընդդիմադիր գործընկերների պնդումներով ապահովելու է ընտրություններում ՛՛կեղծիքների ծավալների կրճատումը՛՛:

Թեպետ երբեք համաձայն չեմ եղել, որ ընտրակեղծիքները նկարագրված ծավալներն ունեն: Ընդունեք կարևորագույնը՝ իր ձեռնարկած քայլերով Հայաստանի իշխանությունը երկրում կատարում է համակարգային փոփոխություններ՝ նպատակ ունենալով զարգացումը և առաջընթացը, իսկ թե քաղաքական ուժերն ինչ գնահատականներ են տալիս, ոչ միայն իրենց ազատ արտահայտվելու իրավունքն է, այլև բխում է նախընտրական տրամադրություններից: Իվերջո, նրանք չեն կարող ընդունել իշխանության գերազանցությունը իրենց նկատմամբ ու պահանջել, որ ժողովուրդն իրենց ընտրի:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը սովորաբար գնում են ճանապարհի կեսը ու կանգ են առնում՝ նրանք քննադատում են իշխանությանը, իսկ սեփական ծրագրերով իշխանությանն այլընտրանք դառնալը թողնում են ընտրողի երևակայությանը: Դա, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ ճանապարհ չէ:

Սեպտեմբերին քաղաքական կուրս փոխելը Հայաստանում ավանդո՞ւյթ է դառնում:
-Եթե նկատի ունեք վարչապետի փոփոխությունը, համաձայն չեմ, որ քաղաքական կուրս է փոխվում: Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիները, ինքներդ էլ գիտեք, թե ինչ դժվարություններով և բարդություններով զուգորդվեցին, այնուամենայնիվ, Հայաստանում չեղան լուրջ ցնցումներ, ինչպես մի շարք երկրներում, բավականին կնճռոտ խնդիրներ լուծվեցին, իսկ դա վարչապետի և կառավարության բարդ պայմաններում ճկուն աշխատանքի արդյունք է: Այո, կան ու մնում են չլուծված խնդիրներ, իսկ ո՞ր երկրում չկան: Ես կարծում եմ, որ փոփոխությունները լինելու են մեր հասարակության սպասված փոփոխությունները ՝ դեպի ավելի արդյունավետ կառավարում, նոր մոտեցումներով ու նոր մարդկանցով:

Կառավարության կազմում մե՞ծ փոփոխություններ են լինելու:
-Կառավարության կազմի փոփոխությունները ինքնանպատակ չեն: Հիմա տեղին չի լինի, որ խոսենք, թե Կարեն Կարապետյանը ի՞նչ ծրագիր է ներկայացնելու և այդ ծրագիրը կատարման համար ի՞նչ փոփոխություններ է պահանջելու: Ամեն ինչ իր ժամանակին բոլորդ կիմանաք: Հասկանում եմ, որ լրագրողներին միշտ հետաքրքրում են անուններ, փաստեր ու իրադարձություններ, բայց կարծում եմ, որ ժամանակն է այդ մակերեսին սահելու փոխարեն խորքը նայելու ու պատճառները տեսնելու:

Այո, բայց Դուք էլ ընդունեք, որ Հայաստանում քաղաքական տրամաբանությունը և քաղաքական իրականությունը իրար չեն հանդիպում կամ քիչ են հանդիպում:
-Բոլորովին, այդ տեսակետը ձևավորվում է ընդամենը իշխանության գործողությունների պատճառները ու նպատակները չպարզելու կամ, որ ավելի հաճախ է լինում, աղավաղելու հետևանքով: ՀՀԿ-ն գնում է իր հայտարարած հստակ ճանապարհով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հիշեցրեց, որ ՛՛սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցառում՝ պայմանավորված առաջին հերթին քաղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրների հրամայականով՛՛, մինչդեռ այդ բարեփոխումները վերաբերում են բոլորիս ու ամեն ինչին: Բայց այդ ամեն ինչի մեջ պետք է խորանալ՝ հասկանալու նպատակն ու ընթացքը:

ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը նշեց Հովիկ Աբրահամյանի կառավարության լավ աշխատանքը ու նրան շատշատ շնորհակալություն հայտնեց, այդ դեպքում ինչու՞ են շրջադարձին ձիերին փոխում:
-Իսկ Դուք ակնկալում էիք, որ վարչապետը հրաժարականից հետո պիտի հեռանա՞ երկրից: Հայաստանում հաստատվում է քաղաքակիրթ քաղաքական մշակույթ: Կատարված աշխատանքի գնահատականը նորմալ քաղաքական դրսևորում է, շնորհակալություն հայտնելը՝ առավելևս: Երկիրը մի փուլից անցնում է նոր փուլի, որտեղ պետք է էական փոփոխություններ լինեն և ՀՀԿ-ի միաձայն աջակցությունը ստացած Կարեն Կարապետյանը, ինչպես նախագահն ասաց, ՛՛կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն՛՛:

Նախագահը ասաց, որ Կարեն Կարապետյանը պիտի դառնա փոփոխությունների սիմվոլ: Մեզ սիմվոլնե՞ր են պետք, թե՞ գործ:
-Սիմվոլ դառնում են գործը լավագույնս անելով, և Դուք դա շատ լավ գիտեք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ