‹‹Այդ երևույթն անընդունելի է››
‹‹Մենք պիտի ամեն ինչ անենք, որ խաղաղ հանգուցալուծման հասնենք: Այդ երևույթն անընդունելի է››, – անդրադառնալով Երևանում ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
Վերջինս շեշտեց՝ բռնությունը լավ բանի չի հանգեցնի:
‹‹Իշխանության ու զինված ջոկատի ներկայացուցիչները, կարծում եմ, պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն և քննարկեն հարցերը, որպեսզի արյուն չթափվի: Մեկ զոհ արդեն կա: Պետք է այնքան իմաստուն լինենք, որ զոհեր չտանք: Ես կատարվածը ոչ մի կերպ չեմ արդարացնում, բայց, ամեն դեպքում, իշխանությունները պիտի եզրակացնեն, որ ժողովուրդը լավ օրի չէ, որ այս վիճակն է ստեղծվել:
Ես՝ որպես մտավորական, բացասական եմ գնահատում այդ արարքը: Պիտի կարողանանք կատարվածի պատճառներն էլ ընկալել, մտորել, հասկանալ, թե ինչու այդպես եղավ››, – ասաց Լիլիթ Հակոբյանը: