Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց այդ պատմության հետ. Հայկական ժամանակ
Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Անցած շաբաթ թերթը հրապարակել էր ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացված մի տեղեկություն, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների կողմից ստեղծվել է ֆինանսական բուրգ, որ քաղաքացիներից խաբեությամբ փողեր է կորզել եւ “սկել”:
Թերթի տեղեկություններով Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց այդ պատմության հետ: Ըստ նույն տեղեկությունների` առաջիկայում սպասվում է մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների ազատում, որոնց թվում է առնվազն մեկ մարզային ոստիկանապետ:
Նշված ֆինանսական բուրգի “շրջանառությունը”, ինչպես նշել էինք, 2.5 միլիոն դոլար է եղել: Բացառված չէ, որ այս պաշտոնանկություններով փորձ կարվի գործը “լղոզել” ու խուսափել այն աղմուկից, որը կբարձրանա դրա փարժեք բացահայտման արդյունքում: Վովա Գասպարյանը վաղուց էր փորձում ազատվել Ներսիկ Նազարյանից: Դեռ անցած տարի ամռանը նա Երեւանի ոստիկանապետին ուղարկեց արձակուրդ եւ ամեն ինչ արեց, որ նա արձակուրդից այլեւս չվերադաոնա իր պաշտոնին:
Սակայն Նազարյանին հաջողվեց Գասպարյանի “գլխավերեւում” լուծել իր հարցերը եւ վերադառնալ: Ըստ թերթի վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են: Ըստ որոշ լուրերի նրա կամ ինչպես ինքն է ասում իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում:
Ըստ թերթի` խոսակցություններ կան 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին: Բացի այդ, Նազարյանի ընտանիքը` Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել: Բայց Նազարյանի “բիզնես-ունակությունները “ մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով: Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել եւ զարգացնել իր կապերը: