Տուգանվել է
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, տեղի ունեցած նիստում 1 միլիոն դրամով տուգանել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Սյունիքի մարզում 2 փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործող «Տաթեւի Անապատ» ՍՊԸ-ին:
Այս մասին տեղեկանումենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից: Ընկերությունը տուգանվել է «Անապատ 1» ՀԷԿ-ի կառուցման համար տրված լիցենզիայի պայմանները խախտելու համար:
«Տաթեւի Անապատ» ՍՊԸ -ն 2016 թ. հունիսին ձեռք բերված նոր հողամասերում փոփոխված նախագծին համաձայն իրականացրել է կայանի շինարարական աշխատանքներ, որի մասին հանձնաժողովին որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Փոփոխված նախագծի համաձայն կայանի հաշվարկային հզորությունը 3887 կՎտ է, մինչդեռ լիցենզիայի պայմանների համաձայն՝ 7519,6 կՎտ է, փոփոխված նախագծի համաձայն կայանի հաշվարկային ճնշումը 242,3 մ է, իսկ լիցենզիայի պայմանների համաձայն՝ 479,6 մ է: Տարբեր են նաեւ փոփոխված նախագծում եւ լիցենզիայի պայմաններում ամրագրված ջրառի եւ ջրահեռացման նիշերը: