Արծիվ 1 ջոկատի առյուծ հայուհին
Մեր բանակի շինարարությանը անձամբ է մասնակցել ազատամարտիկ Սուսաննա Գալստյանը: Մահապարտների Արծիվ 1 հատուկ նշանակության ջոկատի կին ազատամարտիկի նշանաբանը մեկն է “Առյուծը առյուծ է էգ լինի թե որձ”:
Այսօր,կանանց և մայրության տոնի խորհուրդը Սուսաննա Գալստյանի մոտ ասոցացվում է նաև հայրենիքի ու ազգապահպան նվիրումի խորհրդի հետ:Սուսաննա Գալստյանը ռազմի դաշտում միայն մի նպատակ է ունեցել,այնպես ապրել,որ հայ մայրերը երբեք չարտասվեն,որ ապրիլի 7-ի խորհուրդը իր մեջ կրի միայն լույսի,երկունքի և գարնան զարթոնքի ջերմությունը:
Լինելով հայտնի որսորդի դուստր Սուսաննան կարողացել է լիցքավորել զենքերը, եղել է ամենավտանգավոր կետերում և չի վախեցել,քանի որ հոգում միշտ պայքարել է զավակի համար պատրաստ զոհվելու մայրը:
Սուսաննա Գալստյանը կռվել է մինչև զինադադարի օրը,հետո էլ շարունակել է աշխատել պաշտպանության նախարարությունում:Իր հետ ռազմի դաշտ է տարել նաև 2 որդիներին.”Իմ առաքելությունը իմ որդիների հետ ամբողջ Հայաստանի տարածքով ենք սկսել,հետո երբ թեժացավ Արցախի հարցը ես գնացի Արցախ,մինչ Արցախ գնալս Ջերմուկում ես արդեն իմ թիմն ունեի”:
Սուսաննա Գալստյանին Ռեմբո մականունով կնքեցին Ջերմուկում,երբ երիտասարդ կինը փորձեց քարով վնասել մոտ թռչող թշնամու ուղղաթիռը:
Ազատամարտիկ նվիրյալը վաճառեց Երևանում գտնվող իր երկսենյականոց բնակարանը և նվիրաբերեց Արցախի երեխաներին: Այսօր նա ապրում է պետության կողմից որպես փոխհատուցում ստացած տանը:Երջանիկ կին է համարում իրեն և մայր:
Բազմաթիվ մեդալներից ծանրանում է կուրծքը,բայց նա միշտ հաճույքով է կրում սիրո և մայրության զոհաբերության գնով արժանացած պարգևները:
Պատերազմի ընթացքում բազմիցս վիրավորվել է՝ Սարսանգի ջրամբարի, Ֆիզուլիի ազատագրման ընթացքում:
“Հայ կանայք միշտ էլ պատրաստ են եղել կռվի դաշտում պաշտպանելու գենը”,-հպարտանում է Սուսաննա Գալստյանը: