Հիմա էլ “Մարիաննա”-ի թթվասերն է ժամկետից առաջ ընկել, այն պետք է արտադրվեր վաղը
“Ֆեսբուք” սոցիալական ցանցում հայտնվելէ մի լուսանկար, որտեղ պատկերված է “Մարիաննա” ընկերության թթվասերը` արտադրության ժամկետի ” 16.10.2012 ” մակագրությամբ: Փաստորեն, կրկին սպառողական շուկայում է հայտնվել սննդամթերք, որի արտադրության ժամկետը մեկ օր առաջ է ընկել:
Լուսանկարը սոցիալական ցանցում տեղադրած օգտատերը մասնավորապես գրում է. “Ժողովուրդ ջան, “Մարիաննա” ընկերության այս թթվասերը արտադրվելու է վաղը՝ 16.10.2012 թվականին, իսկ այսօր ինքն արդեն վաճառքում է: Դեռ ոչ շատ վաղուց նշված խնդիրը ձվերի շուկայում էր, իսկ հիմա էլ կաթնամթերքում:
Իսկ ու՞ր են նայում սպառողների շահերի պաշտպանները եւ այլ պատկան մարմինները: Թե՞ Հայաստաւմ գործում է որոշակի ժամանակի մեքենա, որը թույլ է տալիս այսօր վաճառել այն, ինչ արտադրվելու է վաղը”:
Օրեր առաջ Henaran.am-ն անդրադարձել էր նմանատիպ խնդրի: Մեր ընթերցողը հոկտեմբերի 8-ին խմբագրություն էր բերել 12.10.12 մակնշմամբ “Արաքս” թռչնաֆաբրիկայի արտադրած ձվեր:
Դատելով այս փաստերից, կարելի է ենթադրել, որ սննդամթերքի վրա նշված արտադրության ժամկետից օրեր առաջ տվյալ ապրանքը, շուկա առաքելը, որն արդեն իսկ կարող է կասկածելի որակի լիներ, “բարի ավանդույթ” ու իսկ սպառողին խաբելը` տարածված պրակտիկա է դարձել:
Henaran.am-ը եւս մեկ անգամ փաստի վրա հրավիրում է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրությունը: