Երրորդ պատվավորը /վիդեո/
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը չի կարծում, որ Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը գլխավորող, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հաջողություն կբերի “Բարգավաճ Հայաստանին”:
Հմայակ Հովհաննիսյանի տեղեկությամբ, ԲՀԿ-ն ցանկություն ունի տիրանալու Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնին: “Պատվաբեր երկրորդ տեղին է հավակնում”-ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ի, “Ժառանգության” եւ ԲՀԿ-ի միջեւ:
“Չեմ կարծում, որ այս եռանկյունու սուր պայքարում մյուսներին կհաջողվի տեղ գրավել ավագանու կազմում”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը` համոզված լինելով, որ երեւանցիների տված վստահության քվեով առաջինը “Հանարպետականն” է լինելու, ապա “Ժառանգությունը”, այնուհետեւ` ԲՀԿ-ն:
Քաղաքագետների միության նախագահը վերլուծեց թվերով. “Ահարոն Ադիբեկյանը քաղաքագետների միության անդամ է, չեմ ուզում նրա գործին խփել, բայց որոշ վերլուծություն կանեմ”,-ասաց : Այսպես, ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում կստանա ընտրողների 40-45 տոկոսը, “Ժառանգությունը”`30-32 տոկոս, ԲՀԿ-ն` 15 տոկոս:
Ըստ քաղաքագետի` ավագանու նախորդ ընտրություններին ԲՀԿ-ն ստացել էր 30 տոկոս քվե: Նախագահական ընտրություններին “Բարգավաճ Հայաստանը” չմասնակցեց, ինչի արդյունքում նրա վարկանիշն ընկավ:
“Հիմա էդ 30-ի կեսը գնալու է այլ ուժերին: Ասենք` 7-ը “Ժառանգությանը”, 8-ը` ՀՀԿ-ին: Մնացյալն էլ թող լինի Ծառուկյանին”,-եզրափակեց Հմայակ Հովհաննիսյանը: