ԱՄՆ Կոնգրեսում նշվել է արցախյան ազատամարտի 25-րդ տարելիցը
Ամերիկյան Կոնգրեսի անդամները, դիվանագիտական կորպուսը եւ հայ համայնքի առաջնորդներն ու ակտիվիստները մարտի 13-ին Կապիտոլիումում նշեցին արցախյան ազատամարտի 25-րդ տարելիցը. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:
Կոնգրեսում Հայկական խնդիրներով զբաղվող խմբի կողմից կազմակերպված այս միջոցառմանը ելույթով հանդես եկան ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը, ներկայացուցիչ Ադամ Շիֆը, խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմը եւ համանախագահ Ֆրենկ Փալոունը` խոսելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման կարեւորության մասին: Ներկայացուցիչ Դեյվիդ Սիսիլինը նույնպես մասնակցեց միջոցառմամը, իսկ ներկայացուցիչներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը գրավոր հայտարարություններ հղեցին: Ներկայացուցիչ Գրիմը հայտարարեց, որ իր համար պատիվ է ստանձնել Հայկական խմբի համանախագահի դերը եւ անհամբերությամբ սպասում է իր գործընկերների եւ համայնքի հետ այս կարեւոր խնդիրների շուրջ տարվելիք աշխատանքներին:
Նախագահող Ռոյսը եւ ներկայացուցիչ Շիֆը իրենց խորին մտահոգություններն արտահայտեցին անցած սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ներման շուրջ: Նա ձերբակալվել էր այն բանից հետո, ինչ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս քնած էր: Երկու սպայերն էլ 2004թ. Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրին:
Ադրբեջանական ներումը անցյալ տարի խստորեն դատապարտվեց Հայկական խմբի համանախագահ Փալոունի կողմից. ՙԵս խիստ վրդովված եմ Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման անխոհեմ գործողություններից: Մի ադրբեջանական զինվորի, ով դաժանորեն սպանել է անզեն հայ զինվորի Հունգարիայում անցկացվող ՆԱՏՕ-ի վերապատրաստական ծրագրի ժամանակ… Այս գործողությունները արդարությանը եւ խաղաղությանը նվիրված կառավարության գործողություններ չեն: Ցավոք սրտի, Ադրբեջանի գործողությունները միայն վերահաստատում են իրենց ցանկությունը աջակցել եւ նպաստել բռնությանը Հայաստանի եւ իր ժողովրդի դեմ ՚: Ի հավելումն, Ազգային անվտանգության խորհուրդը հանդես եկավ մի հայտարարությամբ, որում նշվում էին նախագահ Բարաք Օբամայի խորին մտահոգությունները, որ “այս քայլը հակազդում է տարածաշրջանային լարվածության թուլացման ու հաշտեցման ջանքերին”՚:
Խոսքով հանդես եկան նաեւ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Արցախի Երիտասարդության եւ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Դեսպան Մարգարյանն իր խոսքում շեշտեց, որ ՙԱրցախի պատմությունը վերջին 25 տարիներին` ժողովրդավարության հաղթանակն է անհանդուրժողականության, դաժանության, պատերազմի եւ շրջապատման նկատմամբ: Այս հին քրիստոնյա երկրի ժողովուրդը Ամերիկաի ժողովրդի օգնությամբ հակազդեց ադրբեջանական ագրեսիային եւ, ի հակառակ բոլոր մտավախությունների եւ շարունակական հարձակումների, ստեղծեց ազատ եւ ժողովրդավարական մի հասարակություն եւ ազատ շուկայական տնտեսություն: Միաժամանակ, այն ինչ մենք նշում ենք այսօր չի վերաբերում միայն Ղարաբաղի ձգտումներին եւ պայքարին: Այն ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել: Այն մի հսկայական փոփոխության սկիզբն է, որն, ի դեպ, սկսվեց հենց այս շարժումից: Շատերը ոգեշնվեցին այս ազատամարտից սովետական տարածաշրջանում, ինչն էլ հանգեցրեց սառը պատերազմի ավարտին՚:
Նախարար Աղաբալյանն ընդգծեց, որ ՙԼեռնային Ղարաբաղը օրինական պետություն է, որը ստեղծվել է Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական կամքի ազատ արտահայտմամբ եւ, ի դեպ, այս պետությունը չճանաչելը հակասում է միջազգային իրավունքին եւ նորմերին՚: Աղաբալյանը նշեց նաեւ, որ ՙՂարաբաղի շարժումը սկսվել է 1980-ականների վերջին: Դա Գորբաչովի “պերեստրոյկա”” քաղաքականության շրջանն էր, որի ժամանակ Սովետական Միությունում նոր մոտեցում ծնվեց: Այն ժողովրդավարական փոփոխության հույս տվեց եւ ոգեշնչեց մարդկանց բարձրաձայնել Սովետական Միությունում տասնամյակներ առկա խնդիրների մասին, որոնք կոմունիստական ռեժիմի ժամանակ դատապարտված էին ՙխորհրդանշական լռության՚: Ղարաբաղյան հարցը այդ խնդիրներից մեկն էր, եւ ես հպարտությամբ եմ նշում այն, որ մենք առաջինն էինք, ով կոտրեց այդ լռությունը՚:
Ժողովրդի ժողովրդավարական կամքի կարեւորությունն ընդգծելով` նախարար Աղաբալյանը մեջբերեց Թոմաս Ջեֆերսոնի հայտնի խոսքերից մեկը. “Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, բացի մարդկանց հիմնարար իրավունքներից”:
ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր երախտապարտությունն արտահայտեց 25 տարի շարունակ իրենց աջակցելու համար, ինչը մինչ օրս ել իրենք զգում են: Ավետիսյանը լավատեսական էր մտադրված ապագայի նկատմամբ եւ հույս արտահայտեց, որ կոնգրեսը եւ ամերիկյան ժողովուրդը կշարունակեն աջակցել մարդու իրավունքներին ու ազատություններին ողջ աշխարհում` եւ Արցախում մասնավորապես: