Հերքել կամ հաստատել գերիների մասով չենք կարող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե հակառակորդի հսկողության տակ հայկական դիրքեր կամ հենակետեր կա՞ն, ասաց. «Այն իրավիճակում, որ կանգնել են զորքերը, կան որոշակի հատվածներ, որոնք նշանակալի դիրքեր չեն, բայց ադրբեջանցիների մոտ են: Ինչպես ՀՀ նախագահն ասաց, դրանք առավելագույնը 200-250 մետր որոշակի տեղեր են հարավային հատվածում»:
Երեկ Քարվաճառում երկու զինվորների մահվան մասին էլ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին դեպքերի վերաբերյալ քննություններ են ընթանում:
Ինչ վերաբերում է անհետ կորածներին, նա տեղեկացրեց, որ կատարվում են որոնողական և ճշգրտման աշխատանքներ: «Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ շփում չկա, գերիների մասին խոսելը դժվար է։ Այս պարագայում ոչինչ հերքել կամ հաստատել գերիների մասով չենք կարող»: