07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատերազմը կրկին դեմ տվեց մեզ իրար

Փողոցում նայում եմ հայերի աչքերին՝ բոլորի հայացքներում նույնն ա գրած՝  «Ես ու դու հարազատներ ենք, կարիք էլ չկա միմյանց ձեռք սեղմելու ու ծանոթանալու՝ ո՞վ ա տեսել, որ հարազատները նորից նոր ծանոթանան… մեր մայրերը բոլորիս մայրերն են, մեր հայրերը նույն մարդիկ են, մենք էլ եղբայրներ ենք, քույրեր, մեծ ու փոքր՝ մի ընատնիք»: Օրը քանի անգամ կարդում եմ ֆեյսբուքում՝ «հպարտությունից կոկորդս սեղմվում ա»: Իմն էլ ա սեղմվում, սեղմված մնացել ա էդպես՝ կոկորդ ա պետք, որ դիմանա:

Մեր ռեակցիաները, զգացողությունները, մտքերը, դժվար պահին գլուխ բարձրացնող հումորը, ցավերը, սպասումները՝ բոլորն ընդհանուր են, անգիր գիտենք ով ինչ ա զգում ու մտածում յուրաքանչյուր վայրկյանի: Ում մինչև հիմա, էս տարիքումս չեմ ճանաչել՝ հինգ վայրկյան հետո ընդունում եմ որպես ամբողջ կյանքումս հետս ապրած մարդու՝ իմ պատկերն ա, ինձ պես հայ ա, կապ չունի որտեղ ա ծնվել, ուր ա ապրում, որ գյուղից կամ որ արտասահմանից ա էկել՝ ինքը իմն ա: Ես էլ՝ իրենը:

Նոր պատերազմը էլի բերեց, հարազատացրեց բոլորիս նորից նոր՝ հազար տարի չտեսած, բայց նույնը մնացած …պատերազմը կրկին դեմ տվեց մեզ իրար, ասեց՝ «էս եք, հայեր՝ էսքանդ եք, ինչ անում եք՝ էսքանովդ պիտի անեք: Ոչ թե քիչ եք՝ այլ պարզապես բոլորդ նույնն ենք»:

Նորածին երեխան էլ մեծանալու ա ու ձեռք բերի բոլորիս դիմագծերը՝ Գուրգեն ա, Հակոբ ա, Սամվել ա, Ստեփան ա՝ կապ չունի, մեզնից մեկն ա, մերն ա, բոլորս նույն անձն ենք:

Երկրի օդը պարզվել ա ոնց որ վարար, մաքրագործող, նախնադարյան անձրևից հետո՝ ոչ այլանդակ ու լպիրշ ծիծաղ ա լսվում փողոցներում, ոչ ռաբիզն ա ականջ ծակում, սրճարաններում ջահելները խոսում են պատերազմից ու զենքից, ոչ վեճ կա, ոչ լեզվակռիվ ու դժգոհություն: Կատարսիս՝ կասեր դրամայի պատմության հանգուցյալ դասախոսը:

Նայում եմ էս ամենից հոգնած, զուսպ, կենտրոնացած հայացքով, երբեք չհանձնվող հերթական իմ հայի հետևից ու չիմացածս աղոթքները լցվում են հոգիս: Իրա ձայնն էլ լսում եմ գլխումս՝«Չվերջացավ սրանով,- ասում ա նա ինձ, հեռանում ա, բայց ձայնը հետս ա,- Անտեր պատմությունը թարսվել ա հետս, դասը վատ սովորած աշակերտի նման անընդհատ նույնն ա կրկնելու:

Ու ես դա գիտեմ: Բայց ինքը ո՞վ ա, որ ինձ կոտրի, ինքը ու՞մ շունն ա՝ ես Հայ եմ, ես իմ Աստվածների պես հին եմ, ես էս ամենը տեսել եմ ու էլի կտեսնեմ: Բայց հազար հատ պատմություն էլ որ գան իրար ձեռք բռնած՝ մեկ ա իմ ուզածն ա լինելու: Ինքը տեղյակ չի: Իսկ ես դա գիտեմ: Ես դա վաղուց գիտեի, դեռ չծնված: Լավ ա լինելու, չմտածես: Ոչ թե վերջը, այլ պարզապես՝ լավ ա լինելու: Ափսոս տղերքը … :

Ի՞նչ արած՝ կապրեմ իրանց փոխարեն, իրանց կյանքով՝ տարբերություն չկա, թե մեզնից ով ա գնում, ով ա մնում՝ մեռելներ, ողջեր՝ բոլորս ապրում ենք իրար հետ: Հայ ազգը ողջ լինի, տղերքն էլ նույն կյանքով էին ապրելու, եթե ապրեին: Ու ես էլ նույնը կանեմ ինչ որ իրանք, երբ որ անելուս հերթ գա:

Քրիստ Մանարյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ