25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ապրիլի 3-ին կատարվել է Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար:

Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացել է Ավագ խորան, որտեղից իր խոսքն է ուղղել ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Աղոթքի ենք կանգնած այսօր բոլորս, սակայն խռովված է ազգի յուրաքանչյուր զավակի հոգին, որովհետև, ինչպես տեղեկացանք, երեկ գիշեր ազգիս զավակունք վերստին հարկադրված եղան իրենց կյանքով պաշտպանելու մեր Հայրենիքի սահմանների խաղաղությունը և մեր ժողովրդի ազատ կյանքը:

…Մարտական գործողություններն այսօր ևս շարունակվում են: Մեր զինվորները քաջաբար, արիասիրտ կերպով պաշտպանում են մեր սահմանները:

Հավատում ենք, որ մեր ժողովրդի զավակունք, ազգս հայոց իր հոգու խռովքն ու ընդվզումը պիտի վերածի ակունքի նոր ուժականության, արիության ոգու և արժանի հարված տա հակառակորդին` վերահաստատելով մեր սահմանների խաղաղությունը:

Մենք Հարության լուսապայծառ օրեր ենք ապրում, մեր կյանքը լուսավորված է հարության հավատքով: Այս ոգով մենք հաղթահարել ենք մեր կյանքի բոլոր փորձությունները, մղել ենք մեր կյանքի, պատմության բոլոր ճակատամարտերը, և Աստված հաղթություն է պարգևել մեր ժողովրդին, շնորհ տվել կերտելու իր պետականությունը և զորություն` պաշտպանելու իր ազատ կյանքը: Մենք հավատում ենք, որ այս նույն ոգով` միաբան ու միասնական, հարության հաղթական հավատքով մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր խաղաղ կյանքը, շենացնել իր երկիրը, անվտանգ ու ապահով պահպանել երկրի սահմանները», – ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը հորդորել է ժողովրդին հանձնառության ոգով գոտեպնդել երկրի սահմանների վրա իրենց նվիրական պարտքը կատարող հայորդիներին, որպեսզի նրանք նույն արիությամբ շարունակեն իրենց սրբազան ծառայությունն ի սեր Հայրենիքի և ի սեր ժողովրդի:

Վեհափառ Հայրապետը նաև հրավիրել է ամենքին աղոթք բարձրացնելու առ Աստված Հայրենիքի զորության ու խաղաղության, ինչպես նաև հայոց զոհված զավակների և վիրավորների համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Տերն Իր ամենազոր Աջը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա և անխռով պահելով ժողովրդի կյանքը` համայն հայությանը մշտապես առաջնորդի հաղթության ուղիով:

Արարողության ընթացքին` սուրբգրային ընթերցումներից հետո, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ծնրադիր ընթերցել է «Գոհանամք զքէն» աղոթքը` հայցելով Աստծուց անսասանություն, պայծառություն ու բարօրություն Հայոց աշխարհին և երկնառաք օրհնություն` համայն հայոց ազգի համար:
Հանրապետական մաղթանքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է մարտական գործողությունների ժամանակ զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ