Վստահ եմ, մեր զինված ուժերը ունակ են հակառակորդին խաղաղություն պարտադրել․ Հ. Նաղդալյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, բայց, կարծում եմ , այլևս ժամանակն է հստակ բարձրաձայնելու և դատապարտելու Ադրբեջանի պահվածքը և վարվող քաղաքականությունը՝ իրավիճակի ապակայունացման , խաղաղ բանակցային ճանապարհից հրաժարվելու ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները , հատկապես բարձրաստիճան հանդիպումներից առաջ կամ հետո, քայլ առ քայլ դառնում են ավելի լկտի և սանձարձակ և վերածվում են ծավալուն ռազմական գործողությունների:
Հայաստանյան կողմը բազմիցս հայտարարել է հակամարտության գոտում և շփման գծի վրա զինադադարի խախտումները բացառելու միջազգային մեխանիզմների կիրառման իր պատրաստակամության մասին, մինչդեռ, ի պատասխան, տևական ժամանակ իրենց կողմից մերժվում է այդ պահանջը:
Այսօրվա գործողությունները, իհարկե, աննախադեպ են իրենց ծավալներով, բայց, կարծում եմ, արդյունքում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր պաշտպանական բանակի կողմից ստացել և ստանալու են համարժեք պատասխան և պատժիչ լուրջ գործողություններ:
Ադրբեջանի այս տենդագին ջղաձգումները և նրա նախագահի վերջին մեղադրանքները՝ ուղղված Մինսկի խմբին, ապացուցում են , որ անկյուն քշվածի վիճակում գտնվող հարևան պետությունը հետևողականորեն գնում է սադրանքի և իրավիճակը սրելու ճանապարհով:
Վստահ եմ, մեր զինված ուժերը ունակ են հակառակորդին խաղաղություն պարտադրել:
Կարևոր է, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նույնպես գործնական քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանին սանձելու համար:
Մենք խորապես ցավում և կիսում ենք զոհերի հարազատների վիշտը և վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում:
Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ
ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ