Հրահրողը Թուրքա՞ն է եղել. նոր պարզաբանումներ սահմանային լարվածության վերաբերյալ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով սահմանային գերլարված իրավիճակին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց.
‹‹Երկու տարի է, ես ասում եմ՝ սա պատերազմ է, յուրատեսակ պատերազմ: Այն հոգեմաշ է ու ռեսուրսներ ոչնչացնող: Այս երկու տարվա ընթացքում ես չեմ ասել ‹‹շփման գիծ››, ասել եմ ‹‹խրամատ›› ու ‹‹ռազմաճակատ››, ասել եմ՝ սա պատերազմ է:
Իսկ այդ դեպքերը պատերազմի շարունակական քայլն է, պատերազմի կուլմինացիան: Բայց այդ իրավիճակը տևական կլինի, թե ոչ, դա չեմ կարող ասել: Նախանցած տարի էլ սահմանում սրացում եղավ››, – ասաց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանը նշեց, որ մեր բանակը պետք է ոչ միայն ամուր պահի մեր դիրքերը, այլև ջանա վնասել թշնամու ռազմական, տնտեսական ռեսուրսները, որպեսզի թուլացնի նրան:
‹‹Պիտի միահամուռ լիենք, հասկանանք, որ մի ժողովուրդ ենք, մի բռունցք. պիտի պաշտպանենք մեր երկրի սահմանները, թշնամուն խաղաղություն պարտադրենք››:
Ըստ քաղաքագետի՝ ղարաբաղաադրբեջանական բախումը, հնարավոր է, Թուրքիայի կողմից հրահրված լինի:
‹‹Վստահ չեմ, բայց սա կարող է Թուրքիայի կողմից հրահրված լինել՝ Սիրիայում իր վրա եղած ճնշումը թուլացնել տալու համար: Ռուսների հետ պետք է բանակցենք: Մեր դաշնակիցը պիտի իր պարտականությունը կատարի. դա կանի ակնհայտորեն, թե գաղտնի, արդեն դիվանագիտական հարց է:
Բացի այդ՝ Ադրբեջանի վրա միջազազգային ճնշում պիտի լինի՝ այդ ագրեսորին ծնկի բերելու համար››, – ասաց քաղաքագետ Լևան Շիրինյանը: