Անհեթեթ մտքեր եք արտահայտում.միջադեպ Գասպարիի պաշտպանի և դատավորի միջև
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 25-ին, իր նիստում մերժեց քաղաքացիական ակտիվիստ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի պաշտպանների միջնորդությունը` կասեցնել սույն գործով քննությունը եւ դիմել ՍԴ` կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցի պարզման նպատակով:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց, որ դատարանի սույն որոշումը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան:
Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդությամբ հանդես եկավ հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք տասնօրյա ժամկետում բողոքարկեն դատարանի կողմից իրենց միջնորդությունը մերժելու մասին որոշումը, որը դատարանի կողմից նույնպես մերժվեց:
Պաշտպանը փաստեց , որ իրենց ընդամենը մեկ օր ժամանակ է տրամադրվել եւ չեն հասցրել պաշտպանական ճառին պատրաստվել:
Տիգրան Եգորյանը այնուամենայնիվ հանդես եկավ պաշտպանական ճառով, որը ընդհատվեց դատարանի պահանջով:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը նկատեց, որ փաստաբանն իր պաշտպանական ճառում օգտագործում է «անհեթեթ» մտքեր եւ գործին առնչվող հանգամանքներ չի ասում, նա որոշում կայացրեց թույլ չտալ պաշտպանին շարունակել պաշտպանական ճառը:
Եգորյանը հայտարարեց. «Անհեթհեթ մտքերի չգերազանցված հեղինակը միայն հարգելի դատարանն է»:
Դատարանը Գասպարիի մյուս պաշտպաններին հարցրեց` արդյոք նրանք ցանկանո՞ւմ են պաշտպանական ճառով հանդես գալ եւ ընդամենը մեկ րոպե պատասխան չստանալով` արձանագրեց, որ Վարդգես Գասպարիի պաշտպաններն հրաժարվում են պաշտպանական ճառից:
Որից հետո` դիմեց ամբաստանյալ Վարդգես Գասպարիին, որպեսզի, նա հանդես գա վերջին խոսքով: Սակայն, մի քանի րոպե Գասպարիի խոսքին սպասելով, դատավորն արձանագրեց, որ ամբաստանյալը նույնպես հրաժարվում է վերջին խոսքից:
Դատարանը դատավարության վիճաբանությունների փուլը համարեց ավարտված:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: