Բեռլինում ներկայացվել են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները
Այս օրերին Բեռլինում ընթացող ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում (ITB Berlin), որին մասնակցում է նաև ՀՀ բնապահպանության նախարարության Էկոտուրիզմի զարգացման բաժնի, Դիլիջան ազգային պարկի ներկայացուցիչները և բնապահպանական հասարակական կազմակերպությունները WWF հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Անդրսահմանյան միացյալ քարտուղարության <<Փուլ III>> ծրագրի շրջանակներում ցուցահանդեսում ներկայացնում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ITB ցուցահանդեսն ամենամասշտաբային միջազգային ցուցահանդեսներից մեկն է, որտեղ միջազգային տուրօպերատորները և հանրությունը տեղեկանում են նոր տուրիստական ուղղությունների և առաջարկների մասին: Էկոզբոսաշրջության և արկածային ճանապարհորդությունների համար նախատեսված բաժնում ներկայացված Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում: Հայկական պատվիրակության անդամ, Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը հայտնում է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու բնության հատուկ պահպանվող տարածքները բավականին գրավիչ են արկածային ճանապարհորդությունների և վայրի բնության սիրահարների համար. <<Մեր խնդիրն էր պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի պահպանվող տարածքների գրավչությունն ու հնարավորությունները, ինչը, կարծում եմ հաջողվեց: Նման ցուցահանդեսները լայն հնարավորություններ են ստեղծում համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեր երկրի բացառիկ կենդանական ու բուսական աշխարհը, լանդշաֆտային բազմազանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն տուրիստական նոր հոսքերի ներգրավման համար>>:
WWF հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հակոբյանը կարևորելով էկոզբոսաշրջության զարգացումը, նշել է, որ WWF-ն աջակցում է նման միջոցառումներին Հարավային Կովկասի երկրների մասնակցությանը՝ նպատակ ունենալով նպաստել զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը տվյալ երկրների պահպանվող տարածքներում, քանի որ սա նպաստում է ինչպես պահպանվող տարածքների, այնպես էլ հարակից համայնքների տնտեսական զարգացմանն ու առաջխաղացմանը: