«Նրանց ի՞նչ ցավն է՝ Քոչարյանը կվերադառնա՞, թե՞ ոչ»
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում լրագրողները մի դիտարկում ներկայացրին, ըստ որի՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հիմնական նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա ակտիվ քաղաքականություն:
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որն այդ անձի հետ երկար տարիներ համագործակցել է: Ու այդ մասին խոսում են նրանք, ովքեր Քոչարյանին անվանում էին դավաճան, ու ինչ անուն ասես՝ փակցրել են նրան: Հիմա նրանք դարձան Քոչարյանի պաշտպա՞նը: Նրանց ի՞նչ ցավն է՝ Քոչարյանը կվերադառնա՞, թե՞ ոչ: Նրանք ուզում են՝ Քոչարյանն անպայման գա՞: Այդ երբ են ուզել, որ մենք էլ չենք իմացել: Մենք Քոչարյանին դեմ չենք եղել, հակառակը՝ համագործակցել ենք վերջինիս հետ: Որևէ մեկի համար դա գաղտնիք չէ: Մենք հենց այսօր էլ լավ հարաբերություններ ունենք Քոչարյանի հետ: Մենք գնահատում ենք նրա վաստակը»: