17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է

151 տարի առաջ այս օրը Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվել է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշան: Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյանը դպրոց 1875 1882 թթ. և այնուհետև աշխատել է հոր ատաղձագործություն խանութում:

1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։

Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղել Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկել է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնել է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելել է Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրել է իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ 1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպել է վաշտ, որը մտել է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերել Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցել է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապել է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպել է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնել Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվել է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղել թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճել ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։

1915-1916 թվականներին Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։

1918 թվականի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի,Վանի և Մերձծովյան ուղղություններով անցել են մեծամասշտաբ գործողությունների: Անդրանիկը վիթխարի դեր է խաղել Զանգեզուրի պաշտպանությունում։

Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված է եղել հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասել է. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»:

«…Հայերեն խոսել ես չսովրեցա, մինչև որ մեծ մայրս մեր տունը եկավ ու ամեն առավոտ երգեց զինվոր Անդրանիկի մասին, և մինչև օրս ես գիտցա, թե ան հայ մըն էր, լեռնական գեղջուկ մը, որ սևաթույր ձի մը հեծած` ափ մը մարդոցով կը կռվեր թշնամիների դեմ»,- գրել է Վիլյամ Սարոյանը:

Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգսհանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվել հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ