ԵՏՄ հարթակում կարևոր է հայ-բելառուսական համագործակցությունը
Այսօր տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որի շրջանակում Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին «Բելառուսի Հանրապետության կառավարության եւ ՀՀ կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր։
Ստորագրման արարողությունից հետո նախարար Ճշմարիտյանը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրական, տնտեսական, առողջապահության, ենթակառուցվածքային համագործակցության հարցերը։
«Հայ-բելառուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, հատկապես կարևորվում է ԵՏՄ հարթակում մեր համագործակցությունը և կարող ենք նշել, որ լուրջ հետաքրքրություններ ու հնարավորություններ ունենք հետագա զարգացման համար։ Նիստի ընթացքում կարևորվեց հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ու գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը։ Հայկական կողմը առաջարկեց, որ Հայաստանում անցկացվի ինովացիոն հարցերին վերաբերող միջոցառում՝ հայ և բելառուսցի գիտնականների մասնակցությամբ։ Մենք միասին այս բնագավառում լուրջ համագործակցության ռեսուրսներ ունենք»,-ասաել է նախարար Ճշմարիտյանը։
Վերջինս նաեւ նկատել է, որ թեև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը անկում է գրանցել, սակայն խոսքը ոչ երրորդ երկրների ծագում ունեցող, սակայն Բելառուսից ներկրվող ապրանքների մասին է։
«Բելառուսական ծագման ապրանքների թվի ներմուծումը Հայաստան ավելացել է շուրջ 10%-ով։ Հայաստանից արտահանումը ծավալային առումով քիչ տարբերություն է տալիս նախորդ տարվա հետ, բայց գումարային առումով անկում է եղել՝ արտաքին ազդեցությունների հետևանքով»,-ասաել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։