Հովիկ Աբրահամյանը գրքեր նվիրեց կառավարության անդամներին
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց գրքի տոնին ընդառաջ անցկացվող գրական փառատոնի մասին:
Վարչապետի խոսքով՝ 2001-ից սկիզբ առած, իսկ 2011-ից նորովի մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնը, որն արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստան է բերում եվրոպացի ժամանակակից լավագույն գրողներին, բացի գրական տոն պարգևելուց, հայ և օտարազգի ընթերցողների սեղանին է դնում նաև բացառիկ ժողովածուներ:
«Վերջին հինգ տարում լույս է տեսել 6 ժողովածու, որտեղ ամփոփված են «Գրական տապան» փառատոնի մասնակից եվրոպացի գրողների նոթերը, էսսեները, բանաստեղծություններն ու պատմվածքները՝ նվիրված Հայաստանին, հայ մարդուն և հայ մշակույթին:
Հեղինակներից մեկը տպավորված է հայկական բնաշխարհով, մյուսին գրավում է հայի տեսակը, կերպարը, երրորդը փորձում է Հայաստանը համեմատել իր երկրի հետ: Եվ նրանց բոլորի համար մեր հայրենիքը հնագույն, միստիկ ու մոգական երկիր է՝ ակնածանքի և գնահատանքի արժանի»,- նշեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ, գիրք նվիրելու օրվան ընդառաջ, այդ ժողովածուները ցանկանում է նվիրել կառավարության անդամներին: