ԵՄ ծրագրերով հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ ծրագրով հայաստանյան կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ: Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։