ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր փաստաթուղթ չի ներկայացրել․ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին ու ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ լրատվամիջոցներով տեղեկություն է շրջանառվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ գոյությունի ունի փաստաթուղթ, որը կոչվում է «Լավրովի առաջարկություններ», նախարարն ասել է, որ Լավրովի կամ որեւէ մեկ ուրիշի փաստաթուղթ գոյություն չունի, գրում է РИА Новости-ն։
«Կան մի շարք փաստաթղթեր, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունների տարբեր փուլերում պատրաստել էին համանախագահները: Այդ փաստաթղթի տարբեր տեսակները, իսկ այն 2007-2011թթ. էվոլյուցիա է ապրել, համանախագհները հանձնել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, եւ դրանք գտնվում են այդ կազմակերպության պահոցում: Դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է անվանել փաստաթղթեր: Պաշտոնապես գոյություն ունեցող այդ փաստաթղթերից որեւէ մեկը չի բերել գործնական լուծման ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ: Որեւէ այլ փաստաթուղթ գոյություն չունի»,- ասել է Սերգեյ Լավրովը: