Քոքոբելյանը դուրս եկավ
Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ 5-րդ գումարման հերթական քառօրյայի մեկնարկին հայտարարեց, որ “Ազատ դեմոկրատ” Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել “Ժառանգություն” խմբակցությունից”:
Հիշեցնենք, Խաչատուր Քոքոբելյանը “դե ֆակտո” դեռ հոկտեմբերից չէր ներկայացնում “Ժառանգություն” խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էր, որ խմբակցության անդամ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը որևէ ֆորմատով չի կարող ներկայացնել խմբակցությունը:
Հակոբյանի հայտարարությունից հետո պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Խաչատուր Քոքոբելյանը, հայտարարելով, որ ինքը և Ալեքսանդր Արզումանյանը մնալով “Ժառանգություն” խմբակցության անդամ, այսուհետ կներկայացնեն “Ազատ դեմոկրատներ” կուսակցության դիրքորոշումը:
Հիշենք, խորհրդարանական ընտրություններից առաջ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնության գալով “Ազատների” հետ` իր ցուցակում տեղեր տվեց նրանցից երկուսին` Խաչատուր Քոքոբելյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին: Վերջինս, դեռ ”դե յուրե” խմբակցության կազմում է, քանի որ օրենքը նրան հնարավորություն չի տալիս հետեւել կուսակցի քայլին:
Այս քայլի համար Հովհաննիսյանը լուռ քննադատության ենթարկվեց կուսակիցների կողմից: Նրան մեղադրում էին նախորդ ԱԺ-ում խմբակցության “մերանին”` Ստյոպա Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին եւ Անահիտ Բախշյանին “դրսում թողնելու” մեջ:
Շատ չանցած ծայր առավ Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան հայտնի թնջուկը:
Ինչեւէ, “Ժառանգություն” խմբակցությունն ունի 5 պատգամավոր, եւ հիմա մի կողմում` Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանն են, մյուս կողմում` Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը: